Թուրք իրավապաշտպան եւ հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն առաջիններից էր, որ ներողություն խնդրեց հայ ժողովրդից 1915թ. Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանության համար եւ 1976թ.-ից ի վեր, անգամ բանտարկված լինելու ընթացքում, շարունակում է պայքարել հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման: Այս մասին այսօր` փետրվարի 28-ին, Ռագիփ Զարաքոլուին աջակցող նախաձեռնության ընթացքում ասել է նրա ընկեր, հասարակական գործիչ Սարգիս Հացպանյանը (ֆոտոռեպորտաժ):
Հացպանյանի խոսքով` Հայաստանի մտավորականությունը պետք է միավորվի եւ իր աջակցությունը հայտնի Զարաքոլուին, որն արդեն 4 ամիս գտնվում է թուրքական բանտում, խիստ վերահսկողության պայմաններում`ՔՀՄ-ի գործի համար (Քրդստանի հասարակությունների միություն):
Հացպանյանը նաեւ հայտնել է, որ 4 ամիս անց Ռագիփ Զարաքոլուի փաստաբաններին այդպես էլ չեն հայտնել, թե ինչ մեղադրանքով են նրան ձերբակալել: Այժմ Ռագըփ Զարաքոլուն եւ նրա որդի Դենիսը գտնվում են նույն բանտախցում եւ գրքեր են գրում: «Ռագըփը Հայոց ցեղասպանության մասին գրքի խմբագրմամբ էր զբաղված, որը գրվել է Գերմանիայի արխիվի գաղտնի փաստաթղթերի վրա հիմնվելով: Ձերբակալման ժամանակ այդ գիրքը եւս առգրավվել է: Նա ծրագրել էր այն հրատարակել 2012թ. ապրիլի 24-ին»:
Հացպանյանը նշել է, որ Ռագըփ Զարաքոլուն եւ նրա արդեն հանգուցյալ կին Այշե Նուրին երեք անգամ դատապարտվել են Թուրքիայի կառավարությանը ոչ ձեռնտու գրքեր հրատարակելու համար: Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» «Բելգե» հրատարակչությունում թուրքերենով հրատարակված առաջին գիրքն էր, որ պատմում էր Թուրքիայի հայերի ճակատագրի մասին, իսկ վերջինը դարձավ Թեոդիկի «Ապրիլի 11-ի հուշարձանը», որտեղ նկարագրվում է Ստամբուլի հայ մտավորականության ներկայացուցիչների ճակատագիրը ապրիլի 24-ի ձերբակալությունից հետո` մինչեւ մահը: Զարաքոլուի ջանքերի շնորհիվ Հայոց ցեղասպանության զոհ դարձած բոլոր լրագրողները եւ հրատարակիչները հետմահու ընդգրկվեցին Թուրքիայի գրողների, լրագրողների եւ հրատարակիչների միությունում: Ներկա պահին Զարաքոլուն կալանավայրում գիրք է գրում Հայոց ցեղասպանության ողբերգական իրադարձությունների մասին:
Հասարակական գործչի խոսքով, 7 շվեդ պատգամավորներ առաջ են քաշել Ռագըփ Զարաքոլուի թեկնածությունը` Նոբելյան խաղաղության մրցանակի համար եւ նա դարձել է 2012-ի առաջին մրցանակակիրը: «Գտնվելով բանտում, Զարաքոլուն դիմել է Թուրքիայի խորհրդարանին, կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը մինչեւ 2015-ի ապրիլի 24-ը: Եթե Զարաքոլուին Նոբելյան մրցանակ հաձնեն, այն կդառնա նաեւ հայ ժողովրդի ձեռքբերումը»,-ասաց Հացպանյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտելու, հումանիստական արժեքներին հավատարիմ լինելու համար, 2011-ի փետրվարի 15-ին, թուրք իրավապաշտպան եւ հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն պարգեւատրվել է Հայաստանի ազգային գրադարանի պատվոգրով եւ «Հակոբ Մեղապարտ» մեդալով: Նա այն բազմաթիվ թուրքերից է, ով ոչ միայն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, այլեւ պայքարում այն ճանաչելու համար` ենթարկվելով հետապնդումների:
Նշենք, որ «Բելգե» հրատարակչատան ղեկավար Ռագըփ Զարաքօլուն քրեական հետապնդման է ենթարկվել Թուրքիայի քր.օր.-ի տխրահռչակ 301-րդ հոդվածով, իսկ Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի հրատարակման համար կնոջ հետ ձերբակալվել էր:




























