Սոֆիայում կայացած խոշոր միջազգային մրցաշարում բռնցքամարտի Հայաստանի հավաքականի վեց մարզիկներից երեքը դուրս եկան կիսաեզրափակիչ եւ պարտություն կրեցին: Սոֆիայի մրցաշարը նախապատրաստական փուլ էր ապրիլին Թուրքիայում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարից առաջ: Հայաստանն առայժմ մեկ օլիմպիական ուղեգիր ունի 75 կգ քաշային կարգում:
NEWS.am-ի թղթակիցը զրուցել է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի հետ:
Պարոն Աղամալյան, Սոֆիայի մրցաշարին մասնակցեցին Հայաստանի վեց բռնցքամարտիկներ, որոնցից երեքը հասան մինչեւ կիսաեզրափակիչ: Ի՞նչ գնահատական կտաք թիմի ելույթին:
Ճիշտն ասած, ինձ համար էական չէր, թե ով որ տեղը կգրավեր: Իհարկե, արդյունքը ոգեւորիչ է, բայց կոնկրետ ես ուզում էի, որ մեր բռնցքամարտիկներից յուրաքանչյուրն առնվազն երկու կամ լավագույն դեպքում երեք մենամարտ անցկացներ: Մեզ համար շատ կարեւոր է բռնցքամարտիկներին լավ մարզավիճակի բերելը, ինչն անկասկած լինում է նաեւ գործնական ելույթների պայմաններում: Ընդհանուր առմամբ ես մեր տղաների ելույթներից բավարարված եմ: Անհանգստացրեց միայն Վլադիմիր Սարուխանյանի արդյունքը: Նա մեկ մենամարտ անցկացրեց: Ճիշտ է, վնասվածքը դեռ զգալ էր տալիս, բայց նա կարող է ավելին: Ես մեր բռնցքամարտիկներին ասել եմ, որ ինձանից երբեք չեն լսի մրցավարությունը քննադատող խոսքեր: Սակայն այս դեպքում ասեմ, որ Սարուխանյանը չպարտվեց: Ես համարում եմ, որ նա հավասար մենամարտ անցկացրեց: Պրակտիկան շատ է հարկավոր մեր տղաներին: Եվ ինչ-որ տեղ էլ նման պարտությունը դաս եղավ Սարուխանյանին, եւ նա արդեն կաշխատի իր սխալները ուղղելու վրա:
Իսկ մասնակցությունը մրցաշարին ծառայե՞ց ձեր հիմնական նպատակներին:
Իհարկե, այո: Սոֆիայի մրցաշարն այս անգամ շատ ուժեղ կազմ էր հավաքել: Աշխարհի ինը գործող չեմպիոն էր մասնակցում: Լավ չէր, որ մեր երեք բռնցքամարտիկները մրցեցին կուբացիների հետ: Ես կուզենայի, որ մերոնք մրցեին եվրոպացիների հետ: Եթե այդպես լիներ, մենք կտեսնեինք մեր ապագա մրցակիցներին գործում: Ամեն դեպքում, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, կնշեի, որ հավաքականը ճիշտ ճանապարհով է ընթանում: Զգացվեց, որ մեր տղաներին հոգեբանորեն պետք է լրջորեն պատրաստել: Հաղթողի հոգեբանությունը շատ կարեւոր է մերոնց համար: Օրինակ՝ թուրք բռնցքամարտիկները մերոնց զիջում են տեխնիկապես, բայց ռինգ դուրս են գալիս ոչ թե լավ մենամարտ ցուցադրելու, այլ հաղթելու համար:
Հավաքականի կազմն արդեն ուրվագծվո՞ւմ է:
Վերջնական պատասխան կունենանք Ֆինլանդիայի միջազգային մրցաշարից հետո: Արդեն որոշ նկատառումներ կան: Որոշ քաշային կարգում ունենք երկուական բռնցքամարտիկներ: Բայց դեռեւս վաղ է վերջնական կազմի մասին խոսելը: Ֆինլանդիա գնալու ենք լրիվ այլ կազմով: Անդրանիկ Հակոբյանն էլ է մասնակցելու այդ մրցումներին զուտ պրակտիկա ձեռք բերելու համար: Այդ մրցումներից հետո նոր վերջնական ընտրություն կկատարենք:
Զրուցեց Խաչիկ Չախոյանը



























