Հայաստանի մարզերի բնակիչների 60-70 տոկոսը պարզապես չի ճանաչում իր մեծամասնական պատգամավորներին: Այս մասին այսօր` փետրվարի 28-ին, խորհրդարանում հայտարարել  «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, ներկայացնելով այս տարի ամերիկյան NDI-ի (Ազգային ժողովրդավարության ինստիտուտ) անցկացրած հարցման արդյունքները:

Նշենք, որ այսօր «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի նախաձեռնությամբ խորհրդարանում քննարկվել է 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ օրինագիծը: Իշխող Հանրապետական կուսակցությունը դեմ է օրինագծին, համարելով, որ ավելի նպատակահարմար է պահպանել խառն ընտրակարգը (90 համամասնական եւ 41 մեծամասնական):

ԲՀԿ-ն հանդես է եկել ընդդիմության հետ փոխզիջում գտնելու օգտին (օրինակ մեծամասնական տեղերը 41-ից նվազեցնելով մինչեւ 21-ի):

Անդրադառնալով ՀՀԿ-ականների ներկայացրած փաստարկին, թե մեծամասնական ընտրակարգը մարզերից ներկայացուցչականություն է ապահովում, Ս. Սաֆարյանը նկատեց, որ մարզերից ընտրված պատգամավորները բոլորովին էլ այդ դերը չեն կատարում: «Թարմ օրինակ. երեկ եւ այսօր մենք քննարկել ենք «Արտակարգ իրավիճակի մասին» օրինագիծը: Դահլիճում ներկաներից ո՞վ կարող է իմանալ Սյունիքի կամ գեղարքունիքի բնակիչների կարծիքն այդ հարցի վերաբերյալ: Մարզերի բնակչության մեծ մասն իր պատգամավորներին պարզապես չի ճանաչում»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Իր հերթին, նույն «Ժառանգություն» խմբակցությունից պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ 41 մեծամասնական ընտրատարածքներն իշխանության համար նվեր է ընտրությունների ժամանակ: «Չլինեն այդ ընտրատարածքները, այդտեղից ընտրվող օլիգարխները կդադարեն ձայներ ապահովել իշխանության համար: Իսկ իշխանությունն առանց այդ ձայների ծանր վիճակում կհայտնվի»,-հավելել է Մարտիրոսյանը: