Կասպից ծովում` Մախաչկալայից ոչ հեռու, այսօր` փետրվարի 28-ին, այրվել է ադրբեջանական «Ինժեներ Նազարով» տանկերը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:
Ինչպես հաղորդվել է ԱԻՆ դաղստանյան գլխավոր վարչությունում, փետրվարի 28-ին ավելի վաղ «Ինժեներ Նազարով» տանկերը բեռնաթափել է Թուրքմենստանից բերված մազութը եւ կանգ առել ափից 6 կմ հեռավորության վրա: Նախնական տվյալներով` հրդեհը բռնկվել է տախտակամածային հատվածում:
Դեպքի վայր են ուղարկվել քարշակ եւ երկու մոտորանավակ: Տանկերից անձնակազմի 6 անդամների են տարհանել, եւս վեցը շարունակում են մնալ նավի վրա: Մախաչկալայի նավահանգստից մի քանի նավ են ուղարկվել տանկերի մոտ, ինչպես նաեւ ռազմական եւ սահմանային նավեր եւ տեղամասային փրկարարական խումբ: ԱԻՆ ԳՎ-ում հաղորդել են, որ անձնակազմի անդամներից մեկն անհետ կորել է:
«Ինժեներ Նազարով» տանկերը կառուցվել է 1968թ.: Նավի սեփականատերը «Վոլգոտանկեր» բաց բաժնետիրական ընկերությունն է, որը գտնվում է Աստրախանում: Նավի ջրատարողունակությունը կազմում է 5000 տոննա:



























