Ալժիրը հրաժարվել է Լիբիային հանձնել հանգուցյալ Քադաֆիի ընտանիքի անդամներին: Ալժիրը պատճառաբանել է, որ Միջազգային քրեական դատարանն այդ կապակցությամբ որեւէ կարգադրություն չի տվել:

Հիշեցնենք, որ Ալժիրը, մարդասիրական նկատառումներից ելնելով, ապաստան է տվել Քադաֆիի կնոջը` Սոֆիային, դստերը` Աիշային, որդիներին` Հանիբալին եւ Մուհամեդին, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամներին:

Ավելի վաղ Լիբիայի նոր իշխանությունները պահանջել էին հարեւան բոլոր երկրներից իրենց հանձնել Քադաֆիի համախոհներին, ովքեր փախել են երկրից: Հակառակ դեպքում Լիբիայի իշխանությունները սպառնացել էին, որ երկրների հետ երկկողմ հարաբերությունները կարող են վատանալ:

Ալժիրում, սակայն, հայտարարել են, որ Տրիպոլիից չեն ստացել պաշտոնական հարցում` Քադաֆիի համախոհների արտաքսման վերաբերյալ: Նաեւ հաստատել են, որ Քադաֆիի դուստրը` Աիշան, համաձայնվել է Ալժիրում գտնվելու բոլոր պայմանների հետ եւ հրաժարվել ցանկացած քաղաքական գործունեությունից, որը ուղղված կլինի Լիբիայի դեմ, հաղորդում է NEWSru.com-ը: