Ինչո՞ւ եք Ազգային Ժողովը դարձնում «տրյապկա»: Խորհրդարանի ամբիոնից այսկերպ արձագանքեց Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը` խոսելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինածի վերաբերյալ:
Նրա ելույթը կարելի էր համարել ամենաընդդիմադիրը բոլոր ելույթներից:
«Ճիշտ է, ՀՀ նախագահն ամեն կերպ ձգտում է երկրում ապահովել հասարակական համերաշխություն, կանխել բախումները, բայց նման օրենքներ ընդունելիս պետք է նկատի ունենանք, որ իր նախագահության օրոք դա կարող ենք ապահովել, բայց հաջորդիվ կարող է գալ մի նախագահ, ով բռնապետական մեթոդներից ելնելով այս օրենքն օգտագործի հենց ժողովրդի դեմ»,- բառացի նշեց պատգամավորը` մտահոգություն հայտնելով բանակը ժողովրդի դեմ օգտագործելու հնարավորության մասին:
«Մենք իրավունք չունենք զինված ուժերը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ. մենք պետք է սիրենք մեր բանակը, փայփայենք այն, այլ ոչ թե նրան ներքաշենք քաղաքական գործընթացների մեջ` սեպ խրելով բանակի ու ժողովրդի մեջ»,- նկատեց պատգամավորը եւ հավելեց. «Ինչո՞ւ ենք մենք մեր ձեռքով ստորագրում ու Ազգային Ժողովը դարձնում «տրյապկա», որ նրա լիազորությունները արտակարգ դրության ժամանակ չնչին լինեն»,- նշեց Պետրոսյանը:
«Արտակարգ դրության իրավական ռեժիմը մեկ դերասանի թատրոն չէ եւ միմիայն նախագահը չէ, որ պետք է գործի այդ պայմաններում»,- իր հերթին նկատեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, իսկ ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ հակասահմանադրական որակեց օրինագիծը:
Իր գործընկերների կարծիքը չէր կիսում ՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը, ում կարծիքով օրենքը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, իսկ հիմնական օրենքը թույլ է տալիս զինված ուժերը ներգրավել արտակարգ դրության ժամանակ:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի



























