Ռուսաստանի նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է, որ փողոցային ակցիաների շրջանակներում սադրիչները կարող են որեւէ հայտնի կերպարի ընտրել որպես «սրբազան զոհ» եւ «նվիրաբերել» նրան` մեղքը գցելով ուժային կառույցների վրա: Նա հույս է հայտնել, որ ուժային կառույցների դեմ նման սադրանքները արդյունք չեն տա:
«Նրանք արդեն տասը տարի է, ինչ փորձում են կիրառել այդ մեթոդը: Դա ձեզ հաստատ եմ ասում: Դա ինձ հայտնի է: Նույնիսկ այդ «սրբազան զոհին» փնտրում են հայտնի մարդկանց շարքերում... Իրենք «կնվիրաբերեն», իսկ հետո էլ իշխանություններին կմեղադրեն»,-հայտարարել է Պուտինը` Համառուսաստանյան ազգային ճակատի անդամների հետ հանդիպման ժամանակ:
Պուտինը կարծիք է հայտնել, որ դեմոկրատական հասարակության համար պայքարի ճիշտ մեթոդ չէ այն, որ ընդդիմությունը նախօրոք ապօրինի է հայտարարում ընտրությունները:
«Նրանք պատրաստվում են ինչ-որ մեխանիզմներ օգտագործել, որոնք կհաստատեն, որ ընտրությունները կեղծվում են: Իրենք լցոնումներ կկատարեն, իրենք վերահսկեն, հետո իրենք էլ կներակայացնեն: Մենք դա արդեն տեսնում ենք, մենք դա արդեն գիտենք»,-ասել է Պուտինը, գրում է «Դնի.ռու»-ն:




























