Ոստիկանության կողմից որպես կասկածյալ ձերբակալվել է ՀՌԱԿ նորընտիր ատենապետ Կարեն Կակոյանը:
Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության հանրապետական վարչությունն այդ կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում ասված է. ««Ազգ» օրաթերթի զրպարտիչ հոդվածի հիման վրա հարուցված քրեական գործից պարզ երեւում է, որ այն շինծու է, քանի որ ՀՀ Ոստիկանությունը չունենալով իր ձեռքի տակ ՀՌԱԿ Գորիսի գրասենյակի սեփականատիրոջ` ՀՌԱԿ հանրապետական վարչության որոշումով կայացրած որեւէ բողոք իբրեւ տուժող, կատարել է անօրենություն: Ոստիկանությունն իրեն վերագրել է դատարանի գործառույթներ եւ «սրտացավություն» ցուցաբերել ՀՌԱԿ-ին պատկանող ոչ պետական ունեցվածքի հանդեպ եւ այդ կապացությամբ կազմակերպել Գորիս քաղաքում գտնվող գույքի «անկախ» գնահատում` արժեքը հասցնելով երեւանյան գներին, որպեսզի ոստիկանական շոուն հայտարարվի առավել խոշոր չափերի հասնող: Հայաստանի քաղաքացիների համար մեծ ուրախություն կլիներ, եթե հարկատուների հաշվին իր գոյությունը պահպանող դատախազական-ոստիկանական համակարգը սրտացավություն ցուցաբերեր օֆշորային ընկերության կողմից տանուլ տված պետական ունեցվածք հանդիսացող «Նաիրիտ» գործարանի նկատմամբ, որի մասին հայտարարեց ՀՀ էներգետիկայի նախարարը` ապացուցելով Հարություն Առաքելյանի ահազանգերը գործարանի կորստի եւ հազարավոր նոր գործազուրկների ի հայտ գալու մասին: Հանրության համար պարզից էլ պարզ է, որ «Նաիրիտի գործով» տասնյակ միլոնավոր դոլարների հասնող վնասարարության բացահայտումների պատճառով ՀՌԱԿ-ի հնադեպ իրականացվում է «պետականորեն» կազմակերպված հաշվեհարդար»:
ՀՌԱԿ Հանրապետական Վարչությունը նախընտրական շրջանում կուսակցության ղեկավարի ձեռբակալությունը որակել է որպես պետական սանձարձակություն, հաշվեհարդար կուսակցության եւ մասնավորապես նորընտիր ղեկավարի հանդեպ: «ՀՀ կառավարության բռնապետական վարվելակերպով օժտված գործիչները նույնիսկ հաշվի չեն առել այն փաստերը, որ ՀՌԱԿ ատենապետ Կարեն Կակոյանի կինը հղի է եւ մոտ օրերս ծննդաբերելու է, հաշվի չի առնվել, որ նրա խնամքի տակ է գտնվում 2-րդ խմբի հաշմանդամ` պարկինսոն հիվանդությամբ տառապող մայրը եւ յոթ տարեկան զավակը: Ինչպես նաեւ հաշվի չի առնվել այն փաստը, որ Կարեն Կակոյանը 2-րդ խմբի հաշմանդամ է (տարիներ առաջ տեղի ունեցած ավտովթարի պատճառով): Այս ամենի զավեշտալին նաեւ այն է, որ ՀՌԱԿ ատենապետը ամիսներ շարունակ պարտաճանաչ հաճախել է ոստիկանական Կենտրոնականի քննիչների կազմակերպած հարցաքննություններին եւ որեւէ անգամ չի խոչընդոտել քննությունը, հետեւաբար Կարեն Կակոյանի հանդեպ իրականացրած բռնարարությունը եւ դաժանությունը` ապացուցում է, որ այսօր Հայաստանում բռնապետությունը ծաղկունքի մեջ է»,- ասված է հայտարարության մեջ:




























