Երեւանի կենտրոնում նախատեսվում է արգելել բնակելի համալիրների կառուցումը: Այս մասին այսօր` փետրվարի 29-ին,  խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում լրագրողներին հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Անդրադառնալով Մաշտոցի պուրակի ընթացիկ վիճակին, որտեղ ակտիվիստները բողոքում են առեւտրային տաղավարների տեղադրման դեմ, Սարգսյանը նշել է, որ կառավարության մոտեցումը հստակ է. պուրակում մշտական տաղավարներ չպետք է լինեն: 

«Աբովյան փողոցից դրանք պուրակ տեղափոխելը ժամանակավոր որոշում էր` Աբովյան փողոցն ազատելու նպատակով: Հետագայում հարցը մշտական կարգավորում կստանա», – հայտարարել է վարչապետը:

Նրա խոսքով` ներկա պահին Երեւանի քաղաքապետի եւ պաշտոնատար այլ անձանց հետ քննարկվում են Երեւանի կենտրոնական մասի վերաբերյալ կարգավորող որոշումների նախագծերը, որոնց համաձայն կենտրոնական մասում նախատեսվում է արգելել բնակելի համալիրների կառուցումը: «Մենք պատրաստվում ենք նաեւ հատուկ ուշադրություն դարձնել պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերին», – նշել է կառավարության ղեկավարը:

Նշված հարցերի վերաբերյալ իր մոտեցումները կառավարությունը կներկայացնի հանրությանը: