Անցած տարի «Գարնանն Ընդառաջ» թռչնադիտարկման նախագծի շրջանակներում գրանցվել է ավելի քան 127 000 դիտարկում, Հայաստանյան դիտարկումների քանակը եղել է 1272, որը հնարավորություն է տվել մեր պետությանը լինել լավագույն 10-յակում: NEWS.am-ին Հայաստանի Թռչունների Պահպանման Միություն Գարնանն Ընդառաջ ծրագրից հայտնեցին, որ փետրվարյան խստաշունչ եղանակը ստիպեց հետաձգել Գարնանն Ընդառաջի մեկնարկի հայտարարումը: «Բայց արդեն գարուն է, դիտարկեք թռչուններին` Սպիտակ արագիլ, Գյուղական ծիծեռնակ, Սեւ մանգաղաթեւ, Սովորական կկու եւ Ոսկեգույն մեղվակեր, եւ ձեր առաջին դիտարկումը ավելացրեք Գարնանն Ընդառաջի կայքում`www.springalive.net»,- հայտնեցին նրանք: Ի դեպ, այս տարի միջազգային այս նախագծին կմիանան Բոսնիա եւ Հերցոգովինան, Ղազախստանը եւ Չերնոգորիան: Այս անգամ Գարնանն Ընդառաջը կազմակերպում է մի շարք միջոցառումներ ու մրցույթներ` «Իմ առաջին դիտարկումը» լուսանկարների միջազգային մրցույթը, գարնանն ընդառաջ «Լավագույն կարգախոս» մրցույթը:
Նշենք, որ «Գարնանն Ընդառաջը» համաեվրոպական ծրագիր է, որը ստեղծված է նպաստելու երեխաների հետաքրքրության մեծացմանը դեպի բնությունը եւ բնապահպանությունը գարնան ժամանման պես: Նպատակն է բարձրացնել տեղեկացվածությունը թռչունների եւ նրանց կենսաբանական առանձնահատկությունների մասին (միգրացիայի ընթացքում նկատվող վարքագծի փոփոխությունները, միգրացիոն ժամանակացույցը, ձվադրման շրջանը, բնադրումը եւ այլն):




























