Հայաստանի գլխավոր դատախազությունը ներկայացրել է այն հիմնավորումը, որի հիմքով փոխվել է «Արմենպրեսի» նախկին ղեկավար Տիգրան Հակոբյանի խափանման միջոց կալանքը եւ նա այսօր` մարտի 1-ին, ազատ է արձակվել:

Ըստ այդմ, նշվում է, որ պարզվել է, որ Տ.Հակոբյանը  մեղադրվում է  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի` 184.224.060  ՀՀ դրամ հափշտակություն կատարելու համար: Նախաքննության փուլում Տ. Հակոբյանը վերականգնել է  «Ագրոհոլդինգ» ՍՊ ընկերությանը պատճառված վնասից 10 մլն. դրամ գումարը եւ   պատրաստակամություն հայտնել  ազատության մեջ գտնվելու դեպքում շարունակել գումարների վերականգնումը:

«Միաժամանակ նկատի ունենալով, որ  Տ.Հակոբյանը վատառողջ է,  սրտամկանի  կրկնակի ինֆարկտի պատճառով երկու անգամ վիրահատվել է եւ ունի  մշտական բուժման եւ  բժշկական հսկողության կարիք, բնութագրվում է դրական, ինչպես նաեւ  ուսումնասիրելով Տ.Հակոբյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով թվով 24 ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակեպությունների ղեկավարների դիմումն ուղղված ՀՀ գլխավոր դատախազին,  ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի 01.03.12թ. որոշմամբ՝ Տ.Հակոբյանը ազատ է արձակվել կալանքից: Նրա  նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,-ասված է գլխավոր դատախազության մամուլի հաղորդագրության մեջ: