Մաշտոցի այգում տաղավարների կառուցման դեմ պայքարող ակտիվիստները շարունակելու են իրենց պայքարը եւ պահանջելու են քաղաքապետարանից ապամոնտաժել տաղավարները: Այս մասին այսօր` մարտի 3-ին, այգում կազմակերպված քաղաքացիական ֆորումի ընթացքում հայտարարեցին նրանք: Երիտասարդ ակտիվիստների կարծիքով` Հայաստանում կայացել է քաղաքացիական հասարակությունը եւ երկրի իշխանություններն այլեւս չեն կարող այն անտեսել:

Ըստ բնապահպանների` քաղաքացիական հասարակության ակտիվության շնորհիվ վերջին տարվա ընթացքում ի հայտ են եկել ոչ միայն նախկինում գործած որոշ չարաշահումներ, այլեւ կասեցվել են մայրաքաղաքի որոշ ապօրինի շինարարություններ: (ֆոտոռեպորտաժ)

Ֆորումին քննարկվել են բնապահպանական, հանրային ունեցվածքի եւ սեփականության հարցեր՝ հիմք ընդունելով քաղաքացիների սահմանադրական իրավունքները:Քննարկմանը մասնակցում էին ինչպես  բնապահպան-ակտիվիստները, հասարակ քաղաքացիները, այնպես էլ նրանց պայքարին միացած հայտնի մարդիկ` երգիչներ, արվեստագետներ եւ այլք:

Նշենք, որ բնապահպան ակտիվիստների ակցիային միացել են բազմաթիվ հայտնի մարդիկ, որոնք եկել են իրենց բողոքը հայտնելու այգում «բուտիկներ» տեղադրելու դեմ: Մասնավորապես, այգի են ժամանել դերասան Հովհաննես Ազոյանը (Հովո), «Կարգին Սերիալ»-ից` Հայկ Մարությանը (Հայկո), դերասաններ Երվանդ Մանարյանը, Աշոտ Ադամյանը, նաեւ հեռուստահաղորդավարներ Նվեր Մնացականյանը (Հ1), Արթուր Կիրակոսյանը («Երկիր մեդիա»), երգիչներ Արթուր Իսպիրյանը, Արսեն Գրիգորյանը եւ այլք:

Հիշեցնենք, որ այս խնդրով «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մեր քաղաքը» նախաձեռնությունները եւ բնապահպանական ակտիվիստները հանդիպել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, սակայն ընդհանուր հայտարարի չեն եկել: