Երթեւեկության կանոնակարգման եւ բեռնաթափման նպատակով մայրաքաղաքում կիրականացվեն ճանապարհաշինական նոր, լայնածավալ աշտանքներ:
Ինչպես NEWS.am –ին տեղեկացրեցին Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Ուլնեցի-Ռուբինյանց փողոցները կապող 2.5 կմ երկարությամբ եւ 14 մ լայնությամբ երկշերտ նոր ավտոճանապարհի կառուցման ուղղությամբ, որը հնարավորություն կտա միանալու նաեւ Ալմաստ գործարանի հարակից կամրջի տրասպորտային հանգույցին: Շինաշխատանքների երկրորդ փուլով նախատեսված է ևս մեկ նոր ճանապարհ դեպի բուսաբանական այգի, որով կմիանան Քանաքեռ-Զեյթուն եւ Ավան վարչական շրջանները:
Երևանի գլխավոր հատակագծով եւս մեկ նոր ճանապարհաշինական նախագիծ կիրականացվի Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապելու նպատակով: Անընդհատ երթևեկությամբ 2,2 կմ երկարությամբ 4 շերտանի նոր ճանապարհի ընդհանուր հողային պաստառի լայնությունը կլինի 35.5 մետր:
Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում նախատեսված են նաև ասֆալտապատման եւ որոշ ճանապարհների լայնացման աշխատանքներ:






























