Փետրվարի 29-ին, ժամը 9.30-ից 10.00-ի սահմաններում, ԼՂՀ  N զորամասի ժամկետային զինծառայող, 19-ամյա Տիգրան Վարյանի մահվան փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով` մարտի 3-ին ՀՀ Քր.Օ.ր  375 հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահել, իշխանազանցություն կամ իշխանության անգործություն) նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է հենակետի ավագ, լեյտենանտ Հովհաննես Աշոտի Հակոբյանը: Այս մասին NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում  տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Ավելի վաղ, Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը, ով Տիգրանի ծնողների առաջարկով մասնակցել էր նրա դիահերձմանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Տիգրանին հրազենով սպանելուց առաջ դաժան ծեծի են ենթարկել. զինվորը վնասվածքներն ստացել է մահվանից անմիջապես առաջ: Նրա խոսքով, Տիգրանի դեմքի վրա առկա են եղել բռնության հետքեր: «Քթարմատին, բերանի շրջանում սալջարդեր եւ քերծվածքներ, ծնոտի դիմային գծի ներքեւի հատվածում, հրազենային վերքից մի քանի սանտիմետր ներքեւ՝ երկարավուն կապտուկ։ Վերջին վնասվածքը հուշում է այն մասին, որ զինվորին սպանելու պահին զինվորը փորձել է դիմադրել, բայց դա նրան չի հաջողվել, որովհետեւ դիմադրել է մարդասպանների խմբին: Տիգրանի մահը, սակայն, վրա է հասել հրազենային կրակոցի արդյունքում: Ավելին` Տիգրան Վարյանը չէր կարող ինքնասպան լինել, քանի որ նա նույնիսկ չէր հասցնի այդ քայլին դիմել, որովհետեւ ծեծելուց հետո անմիջապես սպանել են»,-ասել էր նա:

Հարցին, թե իրենց ունեցած տվյալներով, զինվորին խոշտանգել են սպանե՞րը, թե՞ ծառայակիցները, Մարտիրոսյանը պատասխանել էր. «Այսօր գոյություն ունի մի  համակարգ, որ այդ սպանությունը կարող են բարդել ցանկացած անձի վրա, որի համար անհրաժեշտ է ընդամենը իրեղեն ապացույցները ոչնչացնել, ստրուկի կարգավիճակով բանակում ծառայող զինվորներին ծեծել, որ ցուցմունք տան այն անձի դեմ, ով իրենց համար սլաքավար է»: Ռուբեն Մարտիրոսյանը երկար տարիների փորձագետ լինելով հանդերձ ազդված էր այս դեպքից. «Շատ դժվար է արյունը լվանալուց հետո, ծեծի արդյունքում սպանված 19-ամյա երիտասարդին տեսնել ցինկի վրա, ով դեռ պետք է ընտանիք ստեղծեր, երջանկանար եւ երջանկացներ իր ընտանիքին: Ավելին, եթե հնարավորություն ունենաք գնալ այդ զորամաս համոզված եմ, որ կտեսնենք ծեծված եւ խոշտանգված զինվորների, որոնց ասում են ստորագրի այ այստեղ, իսկ թե ինչ են ստորագրելու` այդ զինվորներն էլ չգիտեն: Այսինքն` մի խեղճ ու կրակի կգտնեն ու այդ սպանությունը կջարդեն նրա վրա, որովհետեւ Հայաստանում չկա օրենք, օրինականություն եւ արդարադատություն»,-ասել էր նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 29-ին, ժամը 9.30-ից 10.00-ի սահմաններում, Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիտակետում սպանվել է ժամկետային զինծառայող, 19-ամյա Տիգրան Վանոյի Վարյանը: ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժինը տեղեկացնում էին, որ նախնական տվյալներով, նա սպանվել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից:Իսկ միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն: