Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` մարտի 5-ին, Կարեն Արայանի (նա մեղադրվում է դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական լուսանկարները ինտերնետում տարածելու համար) դատավարության ժամանակ հարցաքննվել են 3 վկաներ, ինչպես նաեւ Անժելա Սարգսյանի ամուսինը` Ղազար Ավետիսյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարեն Արայանի փաստաբան Արթուր Ղարիբյանը, ով նաեւ նշեց, որ այսօրվա նիստին ներկա չի եղել Անժելա Սարգսյանը:

Դատարանում այսօր հարցաքննվել են վկաներ Դավիթ Աբգարյանը (տաքսու վարորդ, Կարեն Արայանի ընկերն է), Հովհաննես Խաչատրյանը եւ Համլետ Համբարձումյանը (կինոռեժիսոր):

Հարցին, թե նրանք ի՞նչ առնչություն ունեն այս գործի հետ, փաստաբան Արթուր Ղարիբյանը պատասխանեց. «Նրանք վկաներ են, որոնց որոշակի տեղեկություններ են հաղորդել գործի վերաբերյալ»:

Փաստաբանի ներկայացմամբ, որեւէ էական ապացույց չկա, որ իր պաշտպանյալ Կարեն Արայանն է լուսանկարները տարածել համացանցում, քանի որ ներկայիս տեխնիկան թույլ է տալիս պարզել, թե արդյոք այն էլեկտրոնային հասցեն, որից տարածվել են լուսանկարները, պատկանո՞ւմ է Կարեն Արայանին, թե` ոչ:

Ամբաստանյալ Կարեն Արայանն այսօր, թեեւ ներկայացել է դատական նիստին, բայց չի խոսել, քանի որ նրա հարցաքննությունը, ըստ փաստաբանի ավարտված է: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 21-ին ժամը 15.00-ին:

Հիշեցենք, որ նախորդ դատական նիստից հետո Կարեն Արայանի փաստաբան Արթուր Ղարիբյանը NEWS.am-ին հայտնել էր, որ  ցուցմունք է տվել միայն գործով տուժող Անժելա Սարգսյանը, ով «հանգիստ տոնով պնդել է, թե հենց Արայանն է տարածել այդ լուսանկարները»: Ըստ փաստաբանի, Անժելա Սարգսյանի հարցաքննությունն ավարտվել է, սակայն «պաշտպանական կողմը ցանկացած պահի կարող է հարցեր ուղղել տուժողին»:

Նշենք, որ 2011 թվականի հոկտեմբերի 5-ին Կարեն Արայանը ձերբակալվել էր, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144 (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով: Հոկտեմբերի 7-ին Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանքը, իսկ դեկտեմբերի 5-ին երկու ամսով երկարացվել էր կալանքի որոշումը: Սեպտեմբերի 17-ին, ՀՀ մշակույթի նախարարության «մշակութային արժեքների փորձաքննություն» ՊՈԱԿ-ի մասնագետների տված եզրակացության համաձայն համացանցում հայտնված լուսանկարները պոռնկագրական բնույթի են եղել: Ըստ մամուլի հրապարակումների` լուսանկարները համացանցում տարածել էր նրա նախկին ընկերը` ոմն Կարեն Արայանը: Անժելա Սարգսյանը նկարահանվում էր «Արմենիա» հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում: Լուսանկարները ինտերնետում հայտնվելուց հետո, նրա խաղընկերուհիները հրաժարվել էին նկարահանվել Անժելայի հետ: