«Արմավիայի» կողմից այսօր` մարտի 6-ին, հայտարարած գործադուլը բազմաթիվ հարցականներ առաջացրեց: NEWS.am-ի դիտարկումները ցույց են տալիս, որ ազգային փոխադրող «Արմավիան», մեղմ ասած, չարաշահել է իր մենաշնորհային դիրքը:

Սկսենք ամենասկզբից: Առավոտյան «Արմավիան» հաղորդագրություն տարածեց այն մասին, որ գործադուլ է սկսում` «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների (կոնցեսիոները արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունն է) կողմից սակագների անհիմն բարձրացման դեմ բողոքով: Սկսենք նրանից, թե որքանո՞վ է իրավաչափ ավիափոխադրող ընկերության կողմից գործադուլի հայտարարությունը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 73-րդ հոդվածով` գործադուլը աշխատանքային վեճի լուծման միջոց է, եւ հայտարարվում է աշխատողների կողմից, այլ ոչ թե ընկերության, որն այլ ընկերության հետ ունի շահերի բախում: Բացի այդ` 74-րդ հոդվածով հստակ նշված է, որ քաղաքացիական ավիացիայի ոլորտում գործադուլ հայտարարելուց առնվազն 14 օր առաջ պետք է գրավոր նախազգուշացում անել: Իսկ «Արմավիան» ոչ մի նախազգուշացում չի արել, հետեւաբար` գործադուլի հայտարարությունն ինքնին հակաօրինական է:

Շատ ավելի կարեւոր է, թե գործադուլ հայտարարողն ինչ պահանջներ է առաջ քաշում: Ամբողջ օրվա ընթացքում «Արմավիան» ոչ մի բացատրություն չտվեց, թե կոնկրետ ինչ է ուզում` բավարարվելով ինչ-որ ընդհանուր հայտարարություններով: «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան, բացի նյարդային շարժումներից ու անհոդաբաշխ բացատրություններից, այլ բան չկարողացավ ներկայացնել հանրությանն ու լրատվամիջոցներին: Իսկ գուցե ասելի՞ք չկար: «Արմավիան» օդանավակայանի հետ 2 սակագնով է աշխատում` ավիավառելիքի մատակարարում եւ ուղեւորի սպասարկման վարձ: Ավիավառելիքի մասով արդեն 3 տարի է` գնային փոփոխություն չկա: 2008 թ. այս ընկերությունները վեճ են ունեցել այս հարցով, դիմել են ՀՀ տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովին, որն էլ սահմանել է ավիավառելիքի գնի հաշվարկման որոշակի բանաձեւ: Չմոռանանք, որ «Զվարթնոցն» ավիավառելիք գնում է Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա Լիմիթեդ» ընկերությունից, այն նույն Բաղդասարովից, որին պատկանում է «Արմավիան»: Հետեւաբար` վառելիքի փոփոխության դեպքում «Արմավիան» կարող է մեղադրել միայն իր սեփականատեր Մ. Բաղդասարովին: Մնում է ուղեւորների սպասարկման վարձը: «Զվարթնոց» օդանավակայանը կառավարության հետ համատեղ հաստատել է «Մաստեր պլան», որով այս տարվա փետրվարի 1-ից յուրաքանչյուր ուղեւորի սպասարկման վարձը սահմանվել է 20 եվրո` 2 եվրոյով ավելի նախկինի համեմատ: Սակայն այս գինը ավիափոխադրողի կողմից ներառվում է ուղեւորատոմսի գնի մեջ, ու այն ավելի թանկ չէ, քան այլ երկրներում: Օրինակ` Թբիլիսիում այն 23 եվրո է, Բաքվում` 30 եվրո, սակայն Թբիլիսիի օդանավակայանից ուղերթները մոտ 30 %-ով էժան են «Արմավիայի» գների համեմատ:

Ուրեմն` «Արմավիան» այլ «փորացավ» ունի, ու օրվա ընթացքում այդ «փորացավը» բացահայտվեց: Ռուսաստանի տրանսպորտի նախարարության «Ռոսավիացիա» կազմակերպությունն իր պաշտոնական կայքէջում տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ մարտի 6-ից դադարեցնում է «Արմավիա» ընկերության աէրոնավիգացիոն սպասարկումը` պարտքերի չվճարման պատճառով: Այսինքն` «Արմավիան» իրականում ոչ թե գործադուլ է հայտարարել, այլ զրկվել է Ռուսաստան թռչելու իրավունքից, սակայն որոշել է հայ հանրության աչքին թոզ փչել: Ընդ որում` ռուսական կողմը նշել է, որ «Արմավիային» վաղուց է զգուշացրել պարտքը չմարելու դեպքում հետեւանքների մասին: Օրվա ընթացքում «Արմավիան» գրավոր երաշխիք է տրամադրել «Ռոսավիացիային»` 2011 թ. դեկտեմբերի պարտքի մի մասը` 178 հազ. դոլար, առաջիկա օրերին վճարելու մասին, որից հետո ռուսական ընկերությունը համաձայնել է սպասարկել «Արմավիայի» օդանավերին:

Պատահական չէ, որ «Արմավիան» մարտի 6-ի առավոտյան բաց է թողել Երեւան-Դուբայ օդանավը, իսկ գործադուլը միայն դեպի Ռուսաստան թռչող օդանավերին էր վերաբերում:

Իսկ մինչ այդ` «Արմավիան» ուղղակի անպատասխանատու վարքագիծ դրսեւորեց` փորձելով միտումնավոր հայ հանրությանը մոլորության մեջ գցել: Գործելաոճ, որ բնորոշ է միայն մենաշնորհ ունեցողներին: Սակայն հիշեցնենք. «Ավիացիայի մասին» օրենքի 63-րդ հոդվածով փոխադրողը պատասխանատու է այն վնասների համար, որ նա հասցնում է ուղեւորին ուշացման պատճառով: Հուսով ենք` ուշացած ուղեւորների մեջ կգտնվեն մարդիկ, որոնք «Արմավիայի» դեմ դատական հայց կներկայացնեն վնասի փոխհատուցման պահանջով:

Սամվել Ավագյան