Հայաստանի հանրապետական կուսակցությունն այսօր` մարտի 7-ին, ներկայացրել է իր նոր կայքը hhk.am, որտեղ լուսաբանվելու է կուսակցության գործունեությունը: ԱԺ հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը ներկայացնելով նոր կայքը, նշել է, թե այն բավական մեծ հնարավորություններ ունի, ինտեգրված է սոցցանցերի հետ, լուսաբանելու է կուսակցության ընթացիկ գործունեությունը:
Լրագրողների հարցին, լուսաբանվելո՞ւ է արդյոք կայքում «Հայոց արծիվներ» կազմակերպության եւ նրա ղեկավար Խաչիկ Ասրյանի գործունեությունը, երբ շատերը նրան ազգայնամոլ են համարում եւ նմանեցնում Հիտլերին, Արտակ Զաքարյանը նշեց, թե Ասրյանն իր պարտականությունները բարեխղճորեն է կատարում:
«Հայոց արծիվներ» կազմակերպության հիմնադիրներից մեկն էլ ես եմ: Ասրյանի գործունեության այս ձեւը շատ օգտակար է մեր տիպի հասարակությունների համար: Անկախ, թե ձեւի մեջ ինչ գնահատականներ են տալիս, դրա բովանդակությունն անհրաժեշտություն է»,- նշեց Զաքարյանը:
Նշենք, որ ՀՀԿ նոր կայքն ունի մի քանի բաժիններ` նախագահ, կառուցվածք, գործունեություն, տեղեկատվական կենտրոն, գրադարան, տեսադարան, հետադարձ կապ: Կուսակցությունը նաեւ YouTube-ում ալիք ունի, որտեղ կարելի է դիտել կուսակցության պատմությանն ու գործունեությանը վերաբերող տեսանյութեր: Ի դեպ, նախընտրական գործընթացների հետ կապված ՀՀԿ-ն եւս մեկ կայք է գործարկելու:




























