ՀՅԴ-ն խորհրդարանում կանաց 30 տոկոս ներգրավվածության կողմնակից է: Այս մասին, այսօր` մարտի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Նա հիշեցրեց, որ ԱԺ-ում ՀՅԴ-ի 16 պատգամավորներից 3-ը կին են, ինչը կանանց հանդեպ դրական վերաբերմունքի մասին է վկայում: ՀՅԴ-ի համամասնական ցուցակներում, պատգամավորի խոսքով, անշուշտ կպահպանվեն օրենքի պահանջները կապված ցուցակում կանանց 20 տոկոս ներգրավվածության հետ:

«Ես մեր կուսակցության մեկ մասնիկն եմ, եթե իմ կուսակցությունը նպատակահարմար կգտնի, որ լինեմ խորհրդարանում, ես կծառայեմ իմ կուսակցությանը»,-նշեց Լիլիթ Գալստյանը, հավելելով, որ ՀՅԴ համամասնական ցուցակը դեռ պատրաստ չէ:

Ասուլիսի մյուս բանախոսը` ՀԱԿ-ի մաս կազմող ՍԴՀԿ-ի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, նույն խնդրին անդրադառնալով, նշեց, որ ՀԱԿ-ում ներկապանակը բավականին գունեղ է, սակայն օրենքը կպահպանվի, ըստ որի, ցուցակի յուրաքանչյուր տասնյակում պետք է լինի առնվազն երկու կին:

Նա նկատեց, որ ՀԱԿ-ում ակտիվ եւ տեսանելի կանաց խնդիր չկա: «Կարծում եմ, որ ԱԺ-ում ՀԱԿ-ի կողմից 3-4 կին կլինի: Եթե ՀԱԿ-ը ինձ տեսնի, ես ինձ տեսնում եմ: Համենայդեպս կուսակցության ցուցակում առաջինը ես եմ, որպես կուսակցության ղեկավար եւ չեմ բացառում, որ կլինեմ ցուցակում»,- ավելացրեց Լյուդմիլա Սարգսյանը:

Ի դեպ, ասուլիսին հրավիրված էր նաեւ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, սակայն ասուլիսն արդեն մոտենում է ավարտին, բայց նա դեռ չկար: Նա ակումբավարին ասել էր, որ հասցնի` կգա, բայց այդպես էլ չհասցրեց: