Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի Հարավարեւելյան Եվրոպայի, Թուրքիայի, Միջին Ասիայի եւ կովկասյան երկրների գլխավոր տնօրեն Օլիվյե դե Կամպին:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը նշել է. «Ուրախ եմ արձանագրել, որ մեր հարաբերությունները գնալով ընդլայնվում են: Մենք ծանոթացել ենք Հայաստանի հետ ՎԶԵԲ-ի նոր ռազմավարությանը: Մեր մասնագետները բարձր գնահատական են տալիս այդ փաստաթղթին: Այնպես որ, մենք գոհ ենք երկկողմ համագործակցությունից»:
Օլիվյե դե Կամպը նշել է, որ ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում հաստատված ներդրումային ծրագրերն արտացոլում են մեր երկրում ներդրումային մթնոլորտի բարելավմանն ուղղված քայլերը: Կամպն ասել է, որ ՎԶԵԲ-ը մեծ նպատակներ ունի նոր ռազմավարության իրականացմամբ, որում նշանակալի ուշադրություն է դարձվելու մասնավոր հատվածի հետ համագործակցության ընդլայնմանը:
«Վերջին 14 տարիների ընթացքում պարբերաբար այցելում եմ Հայաստան եւ կարող եմ ասել, որ զգալի փոփոխություներ են տեղի ունենում երկրում: Շնորհավորում եմ Ձեզ եւ Ձեր թիմին, որ կարողացել եք դուրս գալ ճգնաժամից: Այժմ ավելի ուժեղ եք եւ ունեք ավելի զգույշ, խելամիտ եւ ֆիսկալ տնտեսական քաղաքականություն»,- նշել է Օլիվյե դե Կամպը՝ բարձր գնահատելով կառավարության ղեկավարի ջանքերը՝ երկրում ներդրումային մթնոլորտի բարելավան գործում:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում հարկային եւ մաքսային ոլորտներում բարեփոխումներին, բիզնես միջավայրի բարելավմանը, փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանն առնչվող հարցեր:
Այս համատեքստում, Տիգրան Սարգսյանը նշել է, որ փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը կառավարության համար ունի քաղաքական բովանդակություն եւ վարչապետի գլխավորությամբ ստեղծված համապատասխան խորհուրդը պարբերաբար քննարկում է ոլորտին առնչվող խնդիրները՝ դրանց լուծման նպատակով:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ կառավարության կողմից ընդունված արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությանը եւ դրա շրջանակներում ՎԶԵԲ-ի հետ հնարավոր համագործակցությանը:
Նշենք, որ 2012 թվականի հունվարի 31-ի դրությամբ, ՎԶԵԲ-ը Հայաստանի համար հաստատել է 106 ծրագիր, որոնք ընդգրկել են էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների, արտադրության եւ սպասարկման, անշարժ գույքի, հեռահաղորդակցման եւ ֆինանսական ոլորտները: Տրամադրված միջոցների ընդհանուր գումարը կազմել է մոտ 516 մլն եվրո: Հայաստանում Բանկի ծրագրերի մեծ մասն (95 տոկոսը) իրականացվում է մասնավոր ոլորտում:




























