Հայաստանի իշխանություններին դեռեւս չի հաջողվել լուծել աղքատության, կոռուպցիայի խնդիրները: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, մարտի 6-ին, ՀՀԿ քարոզարշավի շրջանակներում Արթիկ եւ Գյումրի այցելության ժամանակ: Նա, սակայն, նշել է, որ այդ խնդիրները լուծելու կամք եւ կարողություն իրենք ունեն:

«Մեր նպատակն է առաջիկայում իրականացնել այնպիսի փոփոխություններ, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի զգա դրանց դրական ազդեցությունն իր կենսամակարդակի վրա»,- ասել է նա, հավելելով, որ ՀՀԿ-ն գիտի աշխատատեղերի ստեղծման խնդիրը լուծելու ճանապարհը:

Անդրադառնալով գյուղի խնդիրները, Տ. Սարգսյանը նշել է. «Գյուղում ապրելը պետք է լինի հարմարավետ եւ պետությունը մեծածավալ ներդրումներ է կատարելու ենթակառուցվածքների` ճանապարհաշինության, ոռոգման համակարգերի, գազիֆիկացիայի, ինտենետ կապի հասանելիության ապահովման ուղղությամբ»: Նրա խոսքով, առաջնային ուշադրություն է դարձվելու նաեւ գյուղմթերքների իրացման խնդրին: Պետությունը շարունակելու է օժանդակություն ցուցաբերել գյուղմթերք վերամշակող եւ արտահանող ընկերություններին: «Գյուղացին պետք է վստահ լինի, որ կարողանալու է իրացնել իր արտադրանքը: Միաժամանակ, մենք պետք է լուծենք գյուղմթերքի ինքնարժեքի նվազեցման խնդիրը` պարարտանյութի, դիզվառելիքի սուբիսդավորման միջոցով»,- ասել է Տիգրան Սարգսյանը: