Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը», ԵՀԽ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի հետ համատեղ սկսեց իրականացնել «Աջակցություն ընտանիքներին» ծրագրի երկրորդ փուլը:

Քրիստոնեական դաստիարակության կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի նպատակն է ամրապնդել Եկեղեցի-դպրոց-ընտանիք կապը, նպաստել հոգեւոր, ազգային, բարոյական արժեքների պահպանմանը:

Ծրագրի առաջին փուլն անցկացվել էր 2010-2011 ուսումնական տարվա ընթացքում: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերի եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցաբար ՀՀ տարբեր մարզերի շուրջ 100 դպրոցներում կազմակերպվել էին համայնքների հոգեւոր հովիվների հանդիպումներ ծնողների հետ: Պարբերական հանդիպումների ընթացքում հոգեւոր հայրերը վերլուծել են ընտանեկան տարաբնույթ հիմնախնդիրներ Հայոց Եկեղեցու արժեհամակարգի համատեքստում, ինչպես նաեւ քննարկել ընտանեկան բռնություններին վերաբերող խնդիրներ, պատասխանել ծնողներին հուզող հարցերին: Որպես օժանդակ նյութ` դպրոցներին եւ ծնողներին տրամադրվել էր «Քրիստոնեական ժամանակակից ընտանիքն իբրեւ հասարակության հենք» գրքույկը:

Ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում մարտի 5-7-ը Ծաղկաձորում անցկացվել է ծրագրին մասնակից եկեղեցականների համաժողով «Բռնությունների հոգեբանական ասպեկտները» թեմայով, որին ներկա էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերի երեսունհինգ քահանա հայրեր:

Համաժողովին բանախոսություններով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության բռնության զոհերի պաշտպանության ազգային հիմնադրամի ավագ խորհրդական Սերգեյ Բորզովը, ով վերլուծել է ընտանեկան հիմնախնդիրների հոգեբանական հիմքերը եւ ընդգծել համայնքի հոգեւոր հովվի դերակատարության կարեւորությունը ընտանեկան, միջանձնային եւ երեխաների դաստիարակության վերաբերվող տարաբնույթ խնդիրների լուծման ընթացքում: