ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Օսոտիմեհին` մարտի 8-ի կապակցությամբ ուղերձ է հղել:
Ուղերձում ասվում է.
«Այսօր՝ Կանանց միջազգային օրը, ՄԱԲՀ-ն վերահաստատում է իր հանձնառությունն առ գենդերային հավասարություն եւ մարդու իրավունքներ ու արաժանապատվություն:
Գյուղաբնակ բազմաթիվ կանայք սահմանափակ ինքնուրույնություն եւ ցածր կարգավիճակ ունեն, ինչը նրանց համար մեծացնում է սովի մատնվելու, գենդերային բռնության եւ մարդու իրավունքների այլ ոտնահարումների ենթարկվելու վտանգը: Գյուղաբնակ կանանց ընդլայնված քաղաքական, սոցիալական եւ տնտեսական կարգավիճակներն ինքնին կենսական նշանակություն ունեն, ինչպես նաեւ կարեւորագույն ռազմավարություններ են աղքատության հաղթահարման, կանանց իրավունքների առաջ մղման եւ դեպի կայուն զարգացում ճանապարհ հարթելու համար:
Սեռական եւ վերարտադրողական առողջության ծառայություններից, վերարտադրողական իրավունքներից օգտվելու հնարավորության բարելավումն առանցքային դեր է խաղում գյուղի կանանց զորացման եւ իրենց ու իրենց ընտանիքները կերակրելու համար եկամուտ վաստակելու նրանց կարողության համար: Երբ կանայք կարողանում են ազատ եւ իրազեկ ընտրություն կատարել կյանքի բոլոր ոլորտներում՝ ներառյալ ամուսնությունը եւ երեխաների քանակն ու նրանց միջեւ ընդմիջումների տեւողությունը, ապա նրանք հասնում են իրենց լիարժեք ներուժին եւ առավել մեծ նպաստ են ունենում իրենց համայնքների ու ազգերի զարգացման համար:
ՄԱԲՀ-ն աշխատում է կառավարության եւ զարգացման ոլորտի այլ գործընկերների հետ՝ գյուղի կանանց զորացնելու եւ ապահովելու համար, որ նրանք կարողանան օգտվել սեռական ու վերարտադրողական առողջության իրենց իրավունքից: Մեր գործընկերների հետ միասին, մենք ջանում ենք ամրացնել առողջապահական համակարգերը եւ նոր եղանակներ մշակել՝ կանանց եւ աղջիկներին սեփական իրավունքների՝ հատկապես ընտանիքի պլանավորման իրավունքի մասին իրազեկելու համար: Այդ ջանքերը կյանքեր են փրկում եւ առաջ են մղում մարդկային զարգացումը:
Կանանց միջազգային օրը ես կոչ եմ անում շահագրգիռ բոլոր կողմերին՝ միանալ կանանց առողջության, կրթության եւ իրավունքների իրացումը սատարելու մեր ջանքերին: Միասին մենք կարող ենք բարելավել գենդերային հավասարությունը եւ կառուցել հնարավորությունների աշխարհ, որտեղ յուրաքանչյուր հղիություն ցանկալի է, յուրաքանչյուր ծնունդ՝ անվտանգ, եւ յուրաքանչյուր երիտասարդ մարդ կարող է իրացնել իր ներուժը»:



























