Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Գագիկ Խանդանյանի գլխավորությամբ, մերժել է «Հրապարակ» օրաթերթի դեմ փաստաբան Արթուր Գրիգորյանի ներկայացրած հայցը:

Արթուր Գրիգորյանը 18 միլիոն դրամ է պահանջում օրաթերթից` «Հրապարակի» կայքում իրեն վերաբերող մի հոդվածի տակ այլ, անհայտ անձանց արած մեկնաբանությունների համար: Խոսքը 2011թ. օգոստոսի 10-ին հրապարակված «Քաղաքացիներն անբարեխիղճ փաստաբանների զո՞հ» վերտառությամբ հոդվածի մասին է, որի տակ պատահական անձինք մեկնաբանություններ էին թողել Արթուր Գրիգորյանի հասցեին:

Ընդ որում, Արթուր Գրիգորյանը հոդվածի դեմ հայց չի ներկայացրել, այլ միայն այլոց մեկնաբանությունների` դրանք վիրավորանք եւ զրպարտություն որակելով:

Փետրվարի 24-ին դատավոր Գագիկ Խանդանյանը լսել էր կողմերին եւ հեռացել խորհրդակցական սենյակ` դատական որոշում կայացնելու, եւ այսօր հրապարակեց ակտը` ամբողջությամբ մերժելով հայցը: Փաստաբան Արթուր Գրիգորյանը նաեւ 360 հազար դրամ պետտուրք պետք է վճարի:

Արթուր Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք բողոքարկելու են դատարանի որոշումը: «Անօրինական հիմար դատական ակտ է, եւ կազմվել է անինքնասեր մարդկանց կողմից, որը մենք բողոքարկելու ենք»:

«Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանը դրական գնահատեց դատարանի վճիռը: «Դատավորը որեւ է տեղ չի թողել վիճարկելու: Ծավալուն վճիռ է կայացրել, որտեղ բոլոր հանգամանքներին անդրադարձել է: Ուրախ եմ, որ իմ երկրի դատարանը կարող է օբյեկտիվ վճիռ կայացնել»,- նշեց Արմինե Օհանյանը, իսկ վճիռը բողոքարկելու հակառակ կողմի մտադրության վերաբերյալ էլ նշեց. «Իրենց իրավունքն է, հիմնավոր դատական ակտ է, որեւէ հիմք չկա բեկանելու»: