Արմավիր քաղաքում նոր քրեակատարողական հիմնարկի շինարարությունը կշարունակի «Գոհարիկ» ընկերությունը: ՀՀ կառավարությունը մարտի 7-ի նիստում հաստատեց ՀՀ արդարադատության նախարարության առաջարկությունը` 2.5 մլրդ դրամի չափով շինարարական աշխատանքներ կատարելու համար:
Այդ օբյեկտի շինարարական աշխատանքների զգալի մասը կատարվել է 2009-11 թ.թ., իսկ 2012 թ. պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ դրամ:
Ըստ արդարադատության նախարարության ներկայացրած տեղեկանքի` շինարարության համար հայտ է ներկայացրել 2 կազմակերպություն` «Գոհարիկ» եւ «Ն.Ռ.Ֆ.Ս.Դ.»: Սակայն առավել ցածր գին նշանակելու համար հաղթող է ճանաչվել «Գոհարիկը»:
Նշենք, որ Արմավիրի բանտը առաջին քրեակատարողական հիմնարկն է, որ կառուցվելու Հայաստանի անկախության շրջանում: Նոր բանտը բաղկացած է լինելու 3 մասնաշենքերից, յուրաքանչյուրը` 450 հոգու համար (ընդամենը` 1350 հոգի), չհաշված հիվանդանոցային 40 մահճակալը: Ներկայում Հայաստանում պատիժ է կրում 4500 անձ:




























