Ազատազրկման մեջ գտնվող Արմեն Ֆելիքսի Կիլինկարովի մասին, Լոռիի Մարզպետ Արթուր Նալբանդյանն առաջին անգամ է լսում, այնինչ նրա մայրը մարզպետին մեղադրում է որդուն սպանելու մտադրություն ունենալու մեջ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանն ասաց, որ առաջին անգամ է այդ մասին լսում:

Նշենք, որ Արմեն  Կիլինկարովի մայրն իր բաց նամակում մարզպետին եւ էլցանցի տնօրեն Աշոտ Շաքարյանին մեղադրել էր, որ նրանք հովանավորել են հունվարի 12-ին իր կրտսեր որդուն`ազգությամբ հույն Գագիկ Կիլինկարովին սպանած մի խումբ անձանց, իսկ հիմա էլ ազատազրկման մեջ գտնվող մյուս որդուն`  Արմեն Կիլինկարովին, «Սեւան» քրեակատարողական հիմնարկից մեկ այլ հիմնարկ տեղափոխելով այնտեղ նրան սպանելու մտադրություն ունեն: 

«Ո՞ւմ մասին է խոսքը. նման հիմար բան ես առաջին անգամ եմ լսում: Այսքանից բացի, ավելին ոչինչ ասել չեմ կարող»,-ասաց Արթուր Նալբանդյանը: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արմեն Կիլինկարովի մայրը`  Ալավերդի քաղաքի Ջրավազան փողոց 30 շ. բն. 10-ի բնակիչ Ալվարդ Ռուբենի Էվոյանը, բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, Հանրային խորհրդին, արդարադատության նախարարին, հունական «Պատրիդա» եւ «Գլոսսա» ՀԿ-ներին ու լրատվամիջոցներին, որում, մասվորապես ասվում է.

«12.01.2012 թ. սպանեցին իմ կրտսեր որդուն`ազգությամբ հույն Գագիկ Ֆելիքսի Կիլինկարովին: Սպանությունը կատարել էին մի խումբ անձինք` խմբակային: Կատարված սպանությունը վերավորակավորվեց, իսկ կազմակերպիչները մնացին անպատիժ: Սպանությունը կատարող անձանց հովանավորում էին Լոռիի այժմյան մարզպետ Արթուր Նալբանդյանը եւ էլ. ցանցի տնօրեն Աշոտ Շաքարյանը: Վերջիններիս բացեիբաց տարածած լուրերի համաձայն` քայլեր են ձեռնարկվում ազատազրկման մեջ գտնվող ավագ որդուս` Արմեն Ֆելիքսի Կիլինկարովին, Սեւանի քրեակատարողական հիմնարկից մեկ այլ հիմնարկ տեղափոխելու եւ այնտեղ որդուս սպանելու ուղղությամբ: Ես բարոյապես իրավունք չունեմ կասկածելու նրանց տարածած լուրերի հավաստիությանը, քանի որ նրանք նախկինում սպառնացել եւ սպանել են կրտսեր որդուս:

Որպես որդակորույս մայր, համոզված եմ, որ արարքի հետեւում կանգնած նշված պաշտոնատար անձինք իրենց կապերի միջոցով կհասնեն իրենց նենգ նպատակին: Նրանց կազմակերպածն էր, որ խմբակային հանցագործություն կատարած անձինք դատապարտվեցին առանձին-առանձին տարբեր հոդվածներով: Սպասվելիք ծանր հանցագործությունը կանխելու եւ այժմ արդեն միակ որդուս` Արմեն Ֆելիքսի Կիլինկարովի, կյանքը փրկելու նպատակով խնդրում եմ Ձեզ միջոցներ ձեռնարկեք որդուս` օրենքով սահմանված անվտանգությունն ապահովելու համար: Նշված պաշտոնատար անձինք Լոռիի մարզում ահ ու սարսափի մեջ են պահում բոլորին: Մինչ այժմ պարզված չէ, թե իրեղեն ապացույց հանդիսացող ատրճանակով, որն օգտագործել է Վասիլ Գագիկի Շահվերդյանը, նախկինկում կատարվել են այլ հանցագործությունները, թե ոչ եւ ձեռք բերման հանգամանքները: Ունեմ մտավախություն, որ ազատազրկման վայրում կսպանեն նաեւ Վասիլ Գագիկի Շահվերդյանին եւ ինչպես Վ.Գ.Շահվերդյանի սպանությունը, այնպես էլ նրա զենքով նախկինում կատարված բոլոր հանցագործությունները կբարդեն որդուս` Արմեն Ֆելիքսի Կիլինկարովի վրա: Հուսով եմ` կտեսնեմ որդուս ողջ` մեկ տարի եւ յոթ ամիս հետո, երբ կլրանա նրա պատժի ժամկետը: Խնդրում եմ ձեռնարկել համապատասխան միջոցներ Արմեն Կիլինկարովին այլ քրեակատարողական հիմնարկ չտեղափոխելու մինչեւ պատժի լրանալը: Հակառակ դեպքում Արթուր Նալբանդյանի եւ Աշոտ Շաքարյանի հանցավոր մտահաղացումը կիրականանա»:

Հիշեցնենք, որ Ալավերդիի Սայաթ-Նովայի փողոցում, հունվարի 12-ին, ժամը 13:50-ի սահմաններում, Հյուսիսային համալսարանի Ալավերդիի մասնաճյուղի դիմաց, կրակոցներ են հնչել: Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը` ոստիկանության տարածքային ստորաբաժանման պետի գլխավորությամբ, կատարվածից րոպեներ անց, հանցագործությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 24-ամյա Վասիլ Շահվերդյանին, որի մոտ հայտնաբերվել է առանց գործարանային համարի «Բայկալ» ատրճանակ` պահունակով եւ մեկ փամփուշտով:

Պարզվել է, որ Վ. Շահվերդյանն իր մոտ եղած ատրճանակից Սայաթ-Նովայի փողոցում կրակելով ազգույթամբ հույն, 36-ամյա Գագիկ Կիլինկարովի ուղղությամբ` սպանել է նրան: Այդ պահին վերջինիս  կողքին գտնվող նրա ընկերը` 39-ամյա Արմեն Կոստանդյանը, ստացել է հրազենային վնասվածքներ եւ տեղափոխվել Ալավերդի քաղաքի հիվանդանոց: Բժիշկների խոսքով, Ա. Կոստանդյանի կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի վայրում, Գագիկ Կիլինկարովի դիակի մոտ, հայտնաբերվել է  կրակված 7 պարկուճ, իսկ Գ. Կիլինկարովին պատկանող «Մերսեդես Բենց SLK-200» մակնիշի ավտոմեքենայի սրահում` «Սայգա 410 K» հրազեն` լիցքավորված 4 փամփուշտով:

Վ. Շահվերդյանը ոստիկանությանը հայտնել է, որ սպանությունը կատարել է վրեժխնդրության հողի վրա, քանի որ տարիներ առաջ էլ Կիլինկարովները սպանել են իր եղբորը: