Հայ տղամարդիկ այժմ այնքան էլ սարսափահար չեն լինում «ծխող եւ խմող» աղջիկ տեսնելով: Այս են ցույց տալիս NEWS.am-ի անցկացրած հարցումները տղամարդկանց եւ կանանց շրջանում:
Ավելին, որոշ տղամարդկանց համար ծխախոտ եւ ալկոհոլ օգտագործող աղջիկը բավականին գրավիչ է: «Ծխող եւ խմող աղջիկն առաջին հայացքից անբռնազբոս աղջկա տպավորություն է թողնում, դա խոսում է այն մասին, որ նա չի ենթարկվում հասարակական ճնշմանը: Ինձ շատ է դուր գալիս, երբ աղջիկը խմած է լինում, որովհետեւ խմած աղջիկը անկեղծ է, իսկ ես անկեղծ միջավայր շատ եմ սիրում»,- ասաց NEWS.am-ի հարցմանը մասնակցած 38-ամյա Վահանը` շեշտելով, որ ինքը բազմաթիվ «ծխող եւ խմող» աղջիկ ընկերներ ունի, որոնց բարոյականության վրա մի գրամ էլ չի կասկածում, մինչդեռ «կան աղջիկներ, ովքեր ոչ ծխում են, ոչ խմում, երբեք բաց չեն հագնվում, կարճ շրջագզեստներ չեն կրում, մինչդեռ ինչ ասես անում են»: Վահանը խոստովանեց, որ ինքն իր կնոջ հետ եւ ծխում է եւ խմում, ու կյանքում չի փորձի իր կնոջ, դստերը, մայրիկին կամ քույրիկին արգելել ծխել կամ խմել, եթե իհարկե, դա կախվածության չի վերածվել:
Նրա խոսքով` ծխելը եւ խմելը մարդուն գնահատելու, լավը կամ վատը համարելու չափանիշներ չեն, ավելի կարեւոր բաներ կան, որոնք բացահայտում են մարդու էությունը: Վահանի հետ մասսամբ համամիտ էր հարցմանը մասնակցած մեկ այլ տղամարդ` 33-ամյա Դավիթը: Նա վատ չի վերաբերում, երբ աղջիկը ծխում կամ խմում է, բայց չի ամուսնանա ծխող աղջկա հետ, որովհետեւ կարծում է, որ դա առողջությանը մեծ վնաս է հասցնում, իսկ ինքը ցանկանում է առողջ սերունդ ունենալ:
31-ամյա Էրիկը վստահեցրեց, որ ծխող եւ խմող աղջկա նկատմամբ ինքը կանխակալ վերաբերմունք չունի, բայց իր կյանքի փորձը ցոււյց է տալիս, որ այդպիսիք բացասական գծեր են ունենում, հատկապես` բնավորության մեջ, եւ ծխախոտը եւ ալկոհոլը վատ է ազդում աղջիկների վրա, նրանք չեն կարողանում սթափ նայել իրականությանը: «Ծխող եւ խմող» աղջկա նկատմամբ ավելի անհանդուրժող գտնվեցին մեր հարցմանը մասնակցած երկու այլ երիտասարդներ` 26-ամյա Տիգրանը եւ 31-ամյա Արմանը: Տիգրանը վստահեցրեց, որ կյանքում ծխող աղջկա հետ չի ամուսնանա, եւ նրա համար «աբսուրդ», է երբ աղջիկը ծխում կամ խմում է տղամարդու չափ: «Կանայք տղամարդկանցից խլեցին ղեկը, տաբատը, անուհետեւ ծխախոտը, խմիչքը, ես չեմ ընդունում սեռերի միջեւ հավասարությունը, տղամարդը իր տեղում պետք է լինի, կինը` իր, աղջկա ծխելը ո՞րն է»,- ասաց նա: Իսկ 31-ամյա Արմանի կարծիքով ծխող աղջիկը տհաճ է եւ տգեղ, դա նախ եւ առաջ վնասում է նրա առողջությանը: «Եթե ես դա հասկանում եմ եւ չեմ ծխում, ապա ինչո՞ւ պետք է աղջիկը ծխի, սուտ է, երբ ասում են, որ չեն կարողանում թողնել ծխելը, ընդամենը ցանկություն է պետք: Ինչպես կարող ես համբուրել աղջկան, որի բերանից ծխախոտի եւ խմիչքի հոտ է գալիս, ես այդտեղ ոչ մի գրավիչ բան չեմ տեսնում»,- նշեց երիտասարդը:
Ծխող եւ խմող աղջիկների մասին այլ կարծիք ունեն իրենք իգական սեռի ներկայացուցիչները:
30-ամյա Աստղիկը մինչ ամուսնանալը եւ այժմ` ամուսնացած ժամանակ եւս ծխում եւ ժամանակ առ ժամանակ խմում է, թեեւ ամուսնուն դա այդքան էլ դուր չի գալիս: Նա պատմեց, որ մի ժամանակ ամուսինն արգելեց իրեն ծխել, բայց հաջողվեց միայն շատ կարճ ժամանակ: Կնոջ համոզմամբ` ինքը ծխում է հաճույքի համար, իսկ ալկոհոլ օգտագործելուց հետո տրամադրությունը բարձրանում է, իրեն լավ եւ թեթեւացած է զգում, անջատվում է առօրյա հոգսերից եւ այլն: Այդուհանդերձ, երկու երեխաների մայրը միշտ էլ ասում է, որ ծխելը վատ բան է, սակայն չի փորձի արգելել երեխաներին ծխել, քանի որ ինքն անձամբ չի կարողանում թողնել ծխելը: Իսկ ամուսնու հետ ընդհանուր համաձայնության են եկել.Աստղիկը չպետք է ծխի այլոց մոտ:
36-ամյա Լյուդմիլային ծխել սովորեցրել է նախկին ամուսինը, ով հետո հեռացել է, մինչդեռ կնոջը նրանից հուշ է մնացել ծխելու վատ սովորույթը: Նրա համար միեւնույն է, թե ինչ կմտածի հասարակությունն իր մասին` տեսնելով, որ որեւէ տեղ նստած ծխում կամ խմում է, աղջիկը միայն հայրիկի մոտ չի ծխի, ում կարծիքը դա իր համար ամենակարեւորն է: Եթե ծխախոտը նրան ոչինչ չի տալիս, ապա խմիչք օգտագործելիս Լյուդմիլան անկեղծանում է: Հարցմանը մասնակցած 33-ամյա Թամարայի համար դեռ չի ծնվել այն տղամարդը, հանուն որի ինքը կհրաժարվի վաղեմի եւ բարի սովորությունից` ծխելուց, նա դա միայն կանի հղիության ժամանակ: «Ես ծխում եմ ինձ համար, դա ինձ հաճելի է, երբ ընկերական շրջապատում հավաքվում ենք եւ ծխում, խմում զրուցում: Խմել չգիտեմ, երկու կումից հարբում եմ, դա օգնում է հասկանալ շրջապատիս խմած մարդկանց եւ նրանց հետ միասին ծիծաղել»,- անկեղծացած Թամարան:
23-ամյա Արմինեն ընդհանրապես չի ընդունում ծխելը, եւ ծխախոտի հոտից իր մոտ գլխացավ է առաջանում: Նրա խոսքով` ծխելը ոչ մի դրական կողմ չունի, մինչդեռ այն վնասում է առողջությանդ եւ գրպանիդ: «Փաստորեն մարդը գումար է վճարում իրեն եւ շրջապատին թունավորելու համար: Որոշ մարդկանց համար ծխախոտը միջոց է ժամանակակից երեւալու, նրանց թվում է, որ բարերում ոտքը ոտքին գցելով եւ ծխախոտը վերեւ պահելով` իրենք զարգացած աղջկա տպավորություն են թողնում, մինչդեռ ճիշտ հակառակն է»,- նշեց աղջիկը:
21-ամյա Նաիրայի համար եւս անընդունելի է ծխախոտով աղջիկը, իսկ ալկոհոլ, նրա կարծիքով, կանայք պետք է օգտագործեն չափի մեջ, ոչ տղամարդկանց նման ու տղամարդկանց չափ: Նրա համոզմամբ` պետք չէ կանացի գեղեցկությունը փչացնել ծխախոտով եւ ալկոհոլով: Հարցմանը մասնակցած 23-ամյա Նարինեն ոչ ծխախոտի, ոչ էլ խմիչքի նկատմամբ ընդգծված համակրանք կամ հակակրանք չունի. «Բայց երբ դարդերս շատանում են, մեկ-մեկ ծխում եւ խմում եմ, ընկերս նորմալ է վերաբերում դրան, ոչ մի խնդիր չկա»,- ասաց նա:
Պատրաստեց` Ինգա Մարտինյանը




























