Թերթը գրում է, որ 2007 թվականին Էրեբունու տարածքն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է դարձել Արմեն Պուրտոյանը: Վերջինիս դեմ այն ժամանակ որեւէ մեկը թեկնածություն չդրեց, ըստ այդմ` Պուրտոյանը «նշանակվեց» Էրեբունու պատգամավոր:

Այս ընտրություններին Էրեբունուց առաջադրվելու է ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը, եւ խոսակցություններ կան, որ Պուրտոյանն այս դեպքում չի առաջադրվի: Ի դեպ` Արմեն Պուրտոյանը եւս ՀՀԿ անդամ է. համենայնդեպս ԱԺ պաշտոնական կայքէջի «Պատգամավորներ» բաժնում նրա կուսակցական պատկանելությունը հիշատակված է:

Եվ այնուամենայնիվ, օրերս ԱԺ նախկին նախագահ, ներկայումս Սերժ Սարգսյանի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Ջոնիկ Աբրահամյանը, Պուրտոյան Արմենի հետ միասին այցելել է ԲՀԿ կուսակցության ղեկավարին` նրան առաջարկելով Պուրտոյանին ընդգրկել ԲՀԿ համամասնական ցուցակի անցողիկ հորիզոնականներում:

Նկատենք, որ Պուրտոյանն ու Ջոնիկ Աբրահամյանը միմյանց հետ սերտ ընկերական հարաբերություններ ունեն, եւ դա նրանք չէին թաքցնում նաեւ խորհրդարանում` միմյանց փոխարեն քվեարկելու արատավոր սովորույթը բացատրելով հենց իրենց ընկերությամբ:

Թերթի տեղեկություններով՝ առայժմ Պուրտոյանի մասով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջնական որոշում չի կայացրել: