Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Կաթողիկոսը, մարտի 9-ին, ընդունել է Ճապոնիայի լիազոր նախարար, Ռուսաստանում Ճապոնիայի դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Կեյդզի Իդեին:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ զրույցի ընթացքում Գարեգին Բ-ն գոհունակությամբ անդրադարձել է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ զարգացող համագործակցությանը տարբեր ոլորտներում: Իր խոսքում նա ի դեմս նախարարի նաեւ երախտագիտություն է հայտնել Ճապոնիայի իշխանություններին եւ ժողովրդին` Հայաստանին ցուցաբերվող կարեւոր աջակցության համար:

Հանդիպմանը Ճապոնիայի լիազոր նախարարը Գարեգին Բ-ին է փոխանցել Ճապոնիայի իշխանությունների եւ ժողովրդի շնորհակալությունը` անցյալ տարի Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի օրերին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու եւ հայ ժողովրդի ցուցաբերած սրտակցության եւ զորակցության համար:

Նախարարն Ամենայն հայոց կաթողիկոսին ներկայացրել է նաեւ Ճապոնիայում կյանքի բնականոն ընթացքի վերականգնման եւ ողբերգության պատճառած վնասների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքերը եւ ներկայիս իրավիճակը: