Փոխե´նք, որ հավատանք մեր կարողություններին ու մեր հնարավորություններին. եթե չփոխվենք` կուշանանք, կուշանանք որպես ժողովուրդ եւ պետություն: Այս մասին այսօր` մարտի 10-ին, ՀՀԿ 13-րդ համագումարի իր ելույթում հայտարարել է Սերժ Սարգսյանը:
«Հասունացել է պատմական պահը, երբ Հայաստանի ժողովուրդը` մենք բոլորս, պիտի գործով ցույց տանք, թե ինչն է մեզ հոգեհարազատ` անցյալից եկող հոռի բարքե՞րը, որոնց իներցիան շարունակվում է մեր կենցաղում, թե՞ արդի քաղաքակրթական նվաճումները: Քաղաքակրթություն, որի արմատներում եւ ճյուղերի մեջ նաեւ մեր մեծերն են եղել: Անձամբ ես իմ ընտրությունն արել եմ: Եվ համոզված եմ. մենք այսպես ենք հաղթելու եւ այսպես ենք բազմապատկելու մեր բարեկամների թիվն աշխարհում»,- նշել է երկրի ղեկավարը:
Ելույթում հանրապետության նախագահը վստահեցրել է, որ փոփոխություններն այլընտրանք չունեն, իսկ դրանց գրավականը հավատն է. «Հավատանք, որ փոխենք մեզ ու մեր երկիրը: Փոխենք մեր հոգեբանությունն ու վերաբերմունքը Հայաստան պետության հանդեպ: Փոխենք մեր վարքը փողոցում, աշխատավայրում, համալսարանում: Փոխենք մարդկանց, ովքեր իրենց տեղում չեն: Փոխենք օրենքները, եթե չեն մոտեցել կատարելությանը: Փոխենք ներքաղաքական պայքարի մշակույթը: Փոխենք, որ հավատանք մարդկանց ու օրենքներին: Փոխենք, որ մերը լինեն փողոցը, նախարարությունը, համալսարանը, գյուղն ու քաղաքը, խորհրդարանն ու բակը: Դարձնենք ավելի լավը: Քանի դեռ չենք փոխել ու չենք հավատում, նրանք մերը չեն: Մերը` բոլորինս: Եթե չես հավատում քո պատգամավորին, ուրեմն դու պատգամավոր չունես, չես հավատում դատարանին, ուրեմն` դատարան չունես, չես հավատում քո երկրին, ուրեմն` երկիր չունես: Այս ինքնամերժումով մենք հասցրել ենք մեծ ավերածություններ գործել մեր իսկ տան մեջ: Այս ճանապարհը մեզ ոչ մի տեղ չի տանում: Հավատա´նք, որ փոխենք»:
Սերժ Սարգսյանի ներկայացմամբ, հավատը նաեւ մշտական սնուցում է պահանջում. «Ամեն մի նոր փոփոխությունը ինքնին հավատի ամրապնդման լուրջ ներուժ ունի: Հավատ եւ փոփոխութուն. սրանք փոխպայմանավորված եւ միմյանց ամրապնդող երեւույթներ են: Ուրեմն նաեւ փոխե´նք, որ հավատանք: Սնուցե´նք մեր հավատը կոնկրետ գործերով: Փոխենք մեր երկրի դեմքն այն աստիճան, որ մի քանի տարի առաջ Հայաստանից գնացած մարդը գա ու չճանաչի, հաճելիորեն զարմանա»:
«Մեր պետության ու հասարակության մեջ կան բազմաթիվ բացասական երեւույթներ, որոնք մենք ժառանգել ենք անցյալից, եւ որոնք շարունակվում են իներցիայով: Փոխել` նշանակում է առաջին հերթին հաղթահարել այդ իներցիան եւ արմատավորել նոր ավանդույթներ: Սա վերաբերում է մեր կենսագործունեության բոլոր ասպարեզներին` սկսած փողոցային երթեւեկությունից, վերջացրած ընտրություններով: Մենք պետք է լավ ընտրություններ անցկացնենք` անկախ այն հանգամանքից, որ ոմանք այսօր ոչ թե ընտրությունների են պատրաստվում, այլ դրանք կեղծված ներկայացնելու տեխնիկական կարողություններ են զարգացնում: Հայաստանում ապրող բոլոր սերունդները` ահել թե ջահել, պատմական պարտավորություն ունեն արմատավորելու այդ նոր` 21-րդ դարի քաղաքակիրթ հանրությանը վայել ավանդույթները»,- ասել է Սերժ Սարգսյանն, ապա հավելել. «Մեզանում այսօր բազմաթիվ մարդիկ կան, ովքեր եղել են արտերկրում եւ ակամա համեմատել այն Հայաստանի հետ, բարի նախանձով լցվել այն ամեն լավի ու գեղեցիկի նկատմամբ, որ տեսել են դրսում: Նաեւ ցավ են ապրել, որ նույնը չկա Հայաստանում: Իսկ ի՞նչն է մեզ խանգարում փոխել: Մենք ումի՞ց ենք պակաս: Փոխե´նք, որ հավատանք մեր կարողություններին ու մեր հնարավորություններին: Փոխե´նք, որ պետական ծառայություն մատուցողն ու քաղաքացին ինքնահարգանք ունենան: Յուրաքանչյուրիս արժանապատիվ կեցվածքից է սկսվում նոր Հայաստանը:
Ամփոփելով ելույթը` Հայաստանի ու Հանրապետական կուսակցության նախագահը նշել է. «Պարույր Սեւակն ասում էր. «Մենք իրավունք չունենք ուշանալ պատմության գնացքից կամ օդանավից»: Այսօր ինձ համար ակնհայտ է. եթե չփոխվենք` կուշանանք, կուշանանք որպես ժողովուրդ եւ որպես պետություն: Վեհամոր ավետարանը դարերի միջով մեզ հասցնողները հավատ ունեին: Ես այդ ավետարանի վրա եմ երդվել: Ես հավատում եմ մեր արածին ու ավելի շատ` անելիքներին: Ուրեմն` հավատանք, որ փոխենք: Մեծով ու փոքրով, շինականով ու գիտնականով, հաջողակով ու դեռ փնտրողով: Հավատա´նք, որ փոխենք»:




























