«Յոնգանգ», «Ալիքապս» եւ «Սիալեքս» հաբերը գովազդվում են որպես բուսական ծագման կենսաակտիվ հավելումներ, սակայն իրականում պարունակում են քիմիական միացություն: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենի տեղակալ Ալբերտ Սահակյանը:

Նրա խոսքով` ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը շուկայից վերցրել է նմուշներ, որոնք ուղարկվել են լաբորատորիա: Փորձաքննության ընթացքում հայտնաբերվել է ակտիվ քիմիական նյութ` տադալաֆին, որն անթույլատրելի է սննդային հավելումների համար: «Տադալաֆին պարունակող դեղ ունենք գրանցված` պոտենցիայի բարձրացման, ադենոմայի բուժման նպատակով է: Բայց այն դեղ է, իսկ սա` սննդային հավելում: Սա կլասիկ կեղծման դեպք է, հանցագործություն»,-ասաց Ա. Սահակյանը:

Ի դեպ` այդ հաբերը գովազդվել են որպես պոտենցիան բարձրացնող ու տղամարդկանց սեռական հիվանդությունները բուժող բնական միջոց: Այնինչ, ըստ Ա. Սահակյանի, սննդային հավելումը չի կարող բուժական նշանակություն ունենալ, դրանք հիվանդությունները կանխարգելող, սննդին նպաստող եւ որոշ չափով` բուժմանը նպաստող միջոց են:

Նշենք, որ «Ալիքապս»-ն ու «Սիալեքսը» ռուսական արտադրության են, իսկ «Յոնգանգը»` չինական: Սակայն, ըստ Ա. Սահակյանի, դեռ պետք է պարզել, թե դրանք իրականոմ որտեղ են արտադրվում: Նրա խոսքով` Հայաստանում դժվար թե արտադրվեն, քանզի մեզ մոտ կեղծ դեղերի արտադրություն չկա:

Այն հարցին, թե արդյո՞ք այդ հաբերը դեռ շարունակվում են վաճառվել, Ա.Սահակյանն ասաց, որ տեղյակ չէ, հնարավոր է` Ազգային անվտանգությունը լրիվ հավաքել է:

NEWS.am-ի մոնիտորինգը Երեւանի դեղատներում «Ալիքապս» ու «Յոնգանգ» չհայտնաբերեց: Վաճառողուհիներից մեկը դա պատճառաբանեց նրանով, որ դժվար են ծախվում, երկար ժամանակ մնում են դարակներում, այդ պատճառով չեն պատվիրում: Սակայն դեղատների մեծ մասում վաճառողուհիները զանգում էին ինչ-որ մեկին, ճշտում` կա՞, թե՞ ոչ; Դրական պատասխան ստանալուց հետո առաջարկում էին գումար թողնել, ու մեկ ժամից դեղը կբերեն: Իսկ «Նատալի ֆարմ» դեղատնային ցանցում որոնումը պարզեց, որ Լենինգրադյան փողոցի դեղատանը, այնուամենայնիվ, կարելի է «Ալիքապս» ճարել հենց տեղում: «Ալիքապսի» 1 հաբն առաջարկվում է 1200-1500 դրամով, իսկ «Յոնգանգինը»` 3000 դրամով: Դեղատներից մեկի աշխատողուհին գնային այդ տարբերությունը պատճառաբանեց նրանով, որ «Ալիքապսի» ժամկետը վերջանալու վրա է, այդ պատճառով ցանկանում են շուտափույթ դրանից ձերբազատվել: