Տավուշի մարզի Իջեւան քաղաքը մի շարք խնդիրներ ունի, որոնց լուծումը համայնքային բյուջեով պարզապես անհնար է: Այս մասին NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում ասաց Իջեւանի քաղաքապետ Վադան Ղալումյանը: «Մեզ պետք են բարեգործներ, որ կարողանան օգնել: Բազմաբնակարան շենքերի բակերը ասֆալտապատված չեն, ամբողջովին ցեխի մեջ կորած են, տանիքները կաթում են, քաղաքում չկա մանկական զբոսայգի, ժամանակին եղել է, հիմա չկա»,-նշեց նա:

Իջեւանցիները եւս NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում նշեցին բազմաթիվ հարցեր, որոնք ըստ նրանց, կապված են ինչպես պատկան մարմինների անգործության, այնպես էլ բնակիչների անփութության հետ: Մարզկենտրոնի խնդիրներից առաջինը կարելի է համարել Աղստեւ գետի անմխիթար վիճակը, այստեղ սակայն մեղավորը հասարակ իջեւանցին է: «Ամբողջ օրը աղբը թափում են գետը, պատկան մարմինները որ մեկ-երկու ակտավորեն, էդպես չի լինի»,- նշեցին քաղաքացիները:

Բնակիչների փոխանցմամբ, քաղաքում լուրջ է դրված նաեւ թափառող կենդանիների վնասազերծման հարցը, որոնց կարելի է հանդիպել քաղաքի բոլոր հատվածներում:

Աշխատանքները դանդաղում են նաեւ ավագանու նիստերը պարբերաբար բոյկոտելու պատճառով, մինչ օրս հաստատված չէ Իջեւան համայնքի 2012թ-ի բյուջեն, իսկ ավագանի-քաղաքապետ լարվածությունը մինչ օրս առկա է, որից տուժում է միայն Իջեւան քաղաքի հասարակ բնակիչը: