Հայ գրող, երգիծաբան Լեռ Կամսարի միակ կենդանի հուշարձանը վտանգի տակ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա թոռնուհին` Վանուհի Թովմասյանը:Նա պատմեց, որ պապիկից միայն Թումանյան 11 հասցեում գտնվող շենքի բակի թթենին է մնացել, որը գրողը տնկել է անձամբ, ավելին` դա համարել է իր լավագույն ընկերը, նույնիսկ նովելներ է ձոնել ծառին: «Ծառը մի բակի մեջ է` ավտոտնակներին կից, եթե այդտեղ ցուցանակ չլինի, միակ հուշարձանը կկորչի, ոչ տուն ունի, ոչ հուշատախտակ, ոչինչ չունի իրենից հետո, գոնե դա պահպանվի»,- ասաց Վանուհի Թովմասյանը` հավելելով, որ Լեռ Կամսարի առաջին տունը 1915թ մնացել է թուրքերին, իսկ այստեղի տան տեղում ուրիշ շենքեր են կառուցել:
Թոռնուհին անհանգստացած է, քանի որ թթենին, անընդհատ թափելով իր պտուղները, հնարավոր է` մարդիկ, չիմանալով, թե ով է տնկել այն, ում հիշատակն է, կացնահարեն. «Այդ ծառը իր ընկերն էր, քանի որ մարդիկ իրեն դավաճանում էին, ինքը ծառի հետ էր ընկերություն անում»,- ասաց նա` հավելելով, որ գրողը ցանկացել է այդ ծառի տակ թաղվել, իսկ վրան լինի մեղվի փեթակ: Թոռնուհու խոսքով` բակում շենքեր եւ ավտոտնակներ են, ընդամնեը երկու ծառ կա, իսկ ավտոտնակներից մեկի վրա տեսախցիկ կա, որը սակայն տարածքն է հսկում, ոչ թե` ծառը: Նա պատմեց, որ շատ մարդիկ, հատկապես` սփյուռքահայեր գալիս են եւ ուզում Լեռ Կամսարի տան մոտ նկարվել, սակայն նրանից ոչ մի հիշատակ չի մնացել եւ ստիպված ուղարկում են գերեզմանոց:
Թոռնուհին չի դիմել պատկան մարմիններին` Մշակույթի նախարարութուն կամ Երեւանի քաղաքապետարան, ակնկալում է լրատվամիջոցների միջոցով լուծում տալ հարցին:
Նշենք, որ գրող, երգիծաբան Լեռ Կամսարը (Արամ Թովմասի Թովմաղայան, Տեր-Թովմաղյան) ծնվել է 1888թ Արեւմտյան Հայաստանի Վան քաղաքում, հոգեւորականի ընտանիքում:
Լեռ Կամսարի գրիչը շատ բեղուն է եղել: Առաջին երգիծական պամֆլետը` «Կամսարյան աշխարհագրությունը», տպագրել է 1910թ Վանի «Աշխատանք» թերթում: Հեղինակ է մի շարք գրքերի, ինչպես օրինակ` «Կարմիր օրեր», «Սոցիալիզմի Սահարա», «Մահապուրծ օրագիր», «Սաստիկ կոմունիստներ», սակայն երգիծաբանի ստեղծագործությունների եւ օրագրերի մի մասը դեռեւս հրատարակված չէ: Գրողի արխիվը երկու անգամ բռնագրավվել եւ ոչնչացվել է Չեկայի կողմից, իսկ 1946 թ ջրհեղեղն է մեծ վնաս հասցրել:
Հետաքրքիր ծագում ունի գրողի կեղծանունը: Իր առաջին գործերը խմբագրատուն հանձնելիս, հարցրել են, թե ում անվան տակ պետք է տպագրվեն գրվածքները: Արդեն սենյակից դուրս գալիս, այդ հարցին մեծ նշանակություն չտալով, շրջվել եւ պատասխանել է. «Գրեք լեռ...կամ սար»:





























