Թերթը գրում է, որ «Վեգա» կենցաղային տեխնիկայի խանութի հետ համագործակցող «Նորվիկ» վարկային կազմակերպությունը մարդկանց բջջային հեռախոսներին այս օրերին ակտիվորեն հաղորդագրություններ է ուղարկում` կոչ անելով գնումներ կատարել «Վեգայից»: «Հաղորդագրությունում նշվում է հետեւյալը. «Հարգելի «Նորվիկի» հաճախորդ, մինչև ապրիլի 7-ը «Վեգա» խանութներում ձեւակերպեք ապառիկ տեղում, միայն անձնագրով, եւ ստացեք նվեր»: «Վեգան» էլ իր հերթին է հաղորդագրություններ ուղարկում` մարդկանց անուն-ազգանունները հաղորդագրությունում նշելով եւ տեղեկացնելով, որ հաճախորդները կարող են առանց կանխավճարի եւ առանց աշխատանքի վայրից տեղականք բերելու ապառիկ պայմաններով ապրանք վերցնել: Երբ մարդիկ հաղորդագրությունում նշված հեռախոսահամարով զանգահարում են խանութ, այնտեղից հաստատում են, որ 0% կանխավճարով եւ առանց աշխատավարձի մասին տեղեկանքի կարող են ապառիկ ձեւակերպել:

Սակայն պարզվում է, որ այս ակցիայի կազմակերպիչները ոչ թե մարդասիրական նպատակներ են հետապնդում, այլ խաբեությամբ հնարավորինս շատ հաճախորդներ են փորձում ներգրավել:

«Հայացք»-ը «Վեգայի» հսճախորդներից ստացել է բողոքներ այն մասին, որ մարդկանց կանչում են խանութ, ժամերով սպասեցնում, իսկ վերջում համակարգչային ծրագիրը որոշում է, որ ապառիկն առանց կանխավճարի կամ առանց աշխատանքի վայրից տեղեկանքի հնարավոր չէ ձեւակերպել:

«Վեգա գրուպի» տնօրեն Մարինա Պողոսյանը պատասխանատվությունը «Նորվիկի» եւ իրենց հետ համագործակցող բանկերի վրա  գցեց` նշելով, որ բանկերն են «հրավիրում» հաճախորդներին, բանկերն էլ մերժում են տարբեր պատճառաբանություններով»,- գրում է «Հայացք»-ը: