Շմոլ գազից թունավորումների հինգ դեպքերի (2012 թվականի փետրվարի 25-27-ը) հետ կապված ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մասնագետներն ուսումնասիրություններ են իրականացրել են, որոնց արդյունքում պարզվել է, որ նշված պատահարների մի մասը բնական գազի օգտագործման հետ որեւէ առնչություն չունի:

Մասնավորապես՝  1. Սեւան քաղաքի Գայի փողոցի 2-րդ շենքի թիվ 14 բնակարանի բնակչուհի Մնացականյան Նարինեի առողջական վիճակի վատթարացումը, ըստ հիվանդանոցից ստացված տվյալների, տեղի է ունեցել լոգարանի շոգ միջավայրում երկար ժամանակ գտնվելու հետեւանքով:

2. Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակիչ Կարապետյան Վազգենի առանձնատանը նրա կնոջ եւ երկու որդիների ինքնազգացողության վատթարացման պատճառ են հանդիսացել, ըստ բնակչի բացատրագրի, սննսի հետ կապված խնդիրները:

3. Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչ Ալեքսանյան Մանուկի առանձնատանը նրա դստեր առողջական վիճակի վատթարացումը, ըստ բնակչի բացատրագրի, պայմանավորված է եղել սննդային թունավորմամբ:

Մնացած երկու պատահարները, ըստ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մասնագետների դիտարկումների, տեղի են ունեցել բնակիչների կողմից անվտանգության եւ տեխնիկական կանոնները խախտելու, այդ թվում, առանձնատներում տեղադրված ազդանշանային անվտանգության սարքերն էլեկտրական սնուցումից անջատելու եւ գազօգտագործող սարքերն առանց օդափոխության երկարատեւ օգտագործման հետեւանքով: