Թերթը գրում է, որ Ազատանի բնակիչներից մեկը` Գեւորգ Աբրահամյանը, բավականին մեծ չարչարանքով վնասազերծել է գյուղում հայտնված գայլին: «Եվ երբ Գեւորգ Աբրահամյանը հետաքրքվել է, թե որտեղի՞ց պիտի ստանա կառավարության կողմից գայլ խփողներին հատկացվող 100 հազար դրամը, նրան բավականին բարդ ճանապարհ են մատնացույց արել: Պարզվում է, որ գիշատիչներին վնասազերծողը նախ պիտի նրա մորթին քերթի ու այն ձեռքը բռնած մայրաքաղաքի Պարույր Սեւակ 7 հասցեն հասցնի, ընդ որում միայն չորեքշաբթի: «Էդ ի՞ նչ գումար են տալիս, միլիոննե՞ր են տալիս, որ մարդը գումար ծախսի ու Երեւան հասնի: Նախ վտանգավոր է մորթազերծելը, դա հիվանդության բույն է, միգուցե կենդանին կատաղած է, եւ հնարավոր է այն որսորդին փոխանցվի: Այսինքն էդ 100 հազարը պիտի տաս, որ բուժվես, բացի այդ ենթադրենք մարդը Ղափանում կամ Քաջարանում է գայլին վնասազերծել, 500 կիլոմետր պիտի կտրի անցնի 100 հազար էլ ծախսի, որ Երեւան հասնի՞:Ճիշտ չե՞ ն անի այդ գումարը համայնքներին փոխանցեն, այլապես տպավորություն է ստեղծվում, որ կառավարության որոշումը ձեւական մի բան է», -ասում է Գեւորգ Աբրահամյանը ` շեշտելով, որ ձմռանը գայլ խփելն այնքան էլ հեշտ բան չէ, տվյալ դեպքում որսորդը բացի հրացանից, ստիպված է եղել ձյունագնաց օգտագործել, իսկ գայլերը Ազատանում ակտիվացել են»,- գրում է «Առավոտ»-ը:




























