Հայոց բանակի լեգենդար հրամանատարներ Գուրգեն Դալիբալթայանն ու Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) նամակով դիմել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ միջնորդելու, որ Սասուն Միքայելյանին ազատեն պատժի հետագա կրումից:
«Տեւական անազատության մեջ կտրուկ վատացել է ազատամարտիկ, մարտական երկրորդ աստիճանի խաչի ասպետ, սիրված հրամանատար, արցախյան ազատամարտի նվիրյալ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը: Անկախ այն բանից, թե ինչ հանգամանքների պատճառով է նա հայտնվել անազատության մեջ, ըստ էության, վտանգված է մարդկային կյանք, մի մարդու կյանք, որն անմնացորդ նվիրված է եղել արցախյան ազատամարտին եւ մեր երկրի սահմանների պաշտպանությանը»,- նշել են գեներալները ու հավելել. «Տվյալ դեպքում մենք առաջնորդվում ենք ոչ միայն մարդասիրական մղումներով, այլեւ որպես ականատես ու գործընկեր՝ բարձր գնահատելով Սասուն Միքայելյանի հերոսական անցյալը եւ անուրանալի վաստակը: Ելնելով վերոնշյալից, խնդրում ենք Ձեզ, օգտվելով ՀՀ նախագահի Ձեր լիազրություններից, միջնորդել Սասուն Միքայելյանին առողջության բերումով ազատել պատժի հետագա կրումից»:
Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանում էր ընդդիմության առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Միքայելյանը ձերբակալվել է 2008թ. մարտի 4-ին եւ դատապարտվել 8 տարվա ազատազրկման զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով:




























