Այսօր՝ դեկտեմբերի 1-ին ողջ աշխարհում նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը: Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ այդ սարսափելի հիվանդությամբ վարակված է մոտ 36 միլիոն մարդ, եւս 2 միլիոնը մահացել են հիվանդության պատճառով: Ամեն օր իմունային անբավարարության համախտանիշով վարակվում է 7400 մարդ:

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համատեղ ծրագրի կազմած զեկույցում նշվում է, որ համախտանիշն առավել ակտիվորեն տարածվում է Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Ասիայի երկրներում, որտեղ վարակվածների թիվը հասնում է մեկուկես միլիոնի:

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա հայեցակարգն առաջարկվել է 1988թ. առողջապահության նախարարների համաշխարհային գագաթաժողովի ընթացքում: Դրանից հետո ամեն տարի ՄԱԿ-ի հաստատությունները, կառավարություններն ու քաղաքացիական հասարակության բոլոր շերտերը ողջ աշխարհում միավորվում են ՁԻԱՀ-ին առնչվող կոնկրետ թեմայի կապակցությամբ արշավ կազմակերպելու համար: Այս տարվա թեման է. «Համընդհանուր հնարավորություններ եւ մարդու իրավունքներ»: