Հայաստանի ոստիկանությունը Մաշտոցի այգում բնապահպան ակտիվիստների, ինչպես նաեւ նրանց նկատմամբ իրենց գործողությունների վերաբերյալ բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրում են քննարկման:

Ոստիկանության հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Սույն թվականի մարտի 14-ին Մաշտոցի պողոտային հարող պուրակում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել են հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություններ, որոնք տարբեր գնահատականների են արժանացել մի շարք հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, կուսակցությունների ներկայացուցիչների կողմից:

Չնայած ՀՀ ոստիկանությունն իր նախորդ հայտարարության մեջ հանգամանորեն անդրադարձել է իրականացված գործողությունների իրավական հիմքերին, այդուհանդերձ, լրատվամիջոցներում արտահայտվել են տարաբնույթ եւ իրարամերժ կարծիքներ ու տեսակետներ իրականացված գործողությունների իրավաչափության վերաբերյալ:

ՀՀ ոստիկանությունը կարեւորում է հանրության ներկայացուցիչների տեսակետները նաեւ այն դեպքերում, երբ չի կիսում դրանք եւ` համաձայն վերջին ժամանակահատվածում ձեւավորվող ավանդույթի, իր պատրաստակամությունն է հայտնում իրենց դիրքորոշումն արդեն իսկ հրապարակած՝ ՀՀ Մարդու իրավունքների  պաշտպանի գրասենյակի, «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտի», «Թռչկան», «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունների, ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ այլ շահագրգիռ կողմերի հետ անցկացնել կլոր սեղանի շուրջ քննարկումներ հետեւյալ հարցերի շուրջ՝

- Ընդհանուր ազատությունը («թույլատրելի է այն ամենը, ինչն արգելված չէ օրենքով») որպես սկզբունք եւ իրավունք,

- «Հասարակական կարգ» եւ «հասարակական անվտանգություն» եզրույթների հասկացությունն ու բովանդակությունը,

- Հասարակական վայրերում վրանի/վրանների տեղադրման իրավաչափությունը,

- Ոստիկանության հայեցողության սահմանները, հարկադրանքի կիրառման նախապայմանները,

- Լարվածությունը թուլացնելու սկզբունքը ոստիկանության գործելակերպում,

-   Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը եւ ԵԱՀԿ չափորոշիչները վերը նշված հարցերի համատեքստում:

«Կլոր սեղանի» քննարկումները տեղի կունենան մարտի 17-ին, ժամը    16.30-ին, ՀՀ ոստիկանության շենքում (հասցեն՝ Նալբանդյան 130):

Խնդրում ենք մասնակցության հայտերը (ներկայացուցչի տվյալները) ներկայացնել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն, մինչեւ մարտի 17-ի ժամը 12.00-ն»:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է ոստիկանների կողմից ակտիվիստների վրանը կոպիտ կերպով խլելուն: Բացի այդ, ոստիկանները թույլ չեն տվել բնապահպաններին անգամ նստել ծալած վրանների վրա: