Թերթը գրում է, որ գարնան առաջին իսկ օրերից պետք է որ փոխվեր նաեւ Հայաստանի քաղաքական պատկերը: «Առնվազն ակնկալվում էին մանր մունր պատգամավորիկների եթերային գզվռտոցներ (իհարկե Հրայր Թովմասյանի քրոջ բարձր հովանու ներքո), իրենց տաք տեղը չգտած քաղաքական գործիչների նեղացած-մեղադրական հայտարարություններ, կամ առնվազն միջկուսակցական խայթոցներ (Ռաֆիա-Լեւոնա-Շարմազանովյան սոուսով): Սակայն ինչպես գարունը չբերեց իր հետ ոչ մի փոփոխություն, այնպես էլ քաղաքականությունը մնաց իր մշտական տխուր եւ անհետաքրքիր ցիկլի մեջ:

Չափազանց դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս կարելի էր համագումարների այս բուռն շրջանում, համամասնական ցուցակների կազման խառնաշփոթի մեջ  այսպիսի միապաղաղություն եւ կանխատեսելիություն ապահովել: Այստեղ հարց է ծագում, թե ո՞ւմ է սա ձեռնու: Միանշանակ կարելի է ասել, որ առաջինը այս հորիզոնականում իշխանական թեւն է: Նրանց է առաջին հերթին պետք, որ քաղաքական ակտիվ զանգվածը հոգնի այս պրոցեսներից եւ զբաղվի իր առօրյա հոգսերով:

Սակայն, որքան էլ զարմանալի է, քաղաքական այս միապաղաղությունը այսօր ձեռնտու է նաեւ մեր ընդդիմությանը, որին տալիս ենք պատվավոր երկրորդ հորիզոնականը: Ընդդիմությունը պետք է որ ակտիվացներ քաղաքական գործընթացները, քանի որ այս երկու ամիսները ամենավճռական շրջանն է նրանց համար: Սակայն ընդդիմությունը ինքն է հայտնվել այնպիսի խառը եւ անհասկանալի իրավիճակում,որ ցանկանում է միայն մի բան, որ ժողովուրդը  իրենց մոռանա` մինչ կկարողանան իրենց ներքին գզվռտոցները լուծեն»,- գրում է «Ապագան»: