Թուրքական Taraf թերթի սյունակագիր հրեական արմատներով Ռոնի Մարգուլիսի դեմ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը դատական հայց է ներկայացրել՝ Ստամբուլում տեղի ունեցած հակահայկական ցույցի ժամանակ ելույթ ունեցած Թուրքիայի ներքին գործերի նախարարին քննադատող հրապարակման համար։
Ռոնի Մարգուլիսը նշել է, թե իր հրապարակման մեջ ոչ մեկի հանդեպ վիրավորանքներ չկան։ «Վարչապետն ու ներքին գործերի նախարարը հայց են ներկայացնում՝ մտածելով, որ կստիպեն մեզ հրաժարվել գրելուց։ Մի թե նրանք մտածում են, թե վախենալու ենք։ Եթե վախենայինք, չէինք գրի, մենք հիմար չենք։ Նախարարը պետք է ներողություն խնդրի ոչ միայն հայերից, այլ նաեւ ողջ Թուրքիայից»,-ասել է Ռոնի Մարգուլիսը։
NEWS.am-ը ավելի վաղ ներկայացրել էր Ռոնի Մարգուլիս հրապարակումը, որտեղ նա քննադատել էր հայերին վիրավորող ցույցի ժամանակ ելույթ ունեցած Թուրքիայի ՆԳ նախարար Իդրիս Նաիմ Շահինին։ «Ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը ելույթ է ունենում մի ցույցի ժամանակ, որտեղ պարզված պաստառի վրա իր երկրի քաղաքացուն անվանում են «վիժվածք»: Նախարարը նման միջոցառմանը չէր կարող խոսել, եթե խոսեց, ուրեմն` պետք է նրան հեռացնել պաշտոնից եւ կուսակցությունից եւ նրա դեմ դատական հայց ներկայացնել քին եւ ատելություն սերմանելու համար:
Նման նախարարը Թուրքիայի քաղաքացիների անվան վրա մի սեւ բիծ է: Բայց գիտենք, որ այդ նախարարին չեն հեռացնի եւ չեն էլ դատի, քանի որ այդ միտինգը իշխանություններ են կազմակերպել եւ նրանք էլ ուղարկել էին նախարարին եւ նահանգապետին: Նորմալ երկրում ապրեինք, ոչ միայն այդ նախարարը հրաժարական կտար, այլ նաեւ ամբող կառավարությունը»,-նշել է Taraf-ի հրապարակման մեջ:




























