Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Նոյ» թաղամասին հարող Լենինգրադյան փողոցի 31/6, 31/8 շենքերի ջրամատակարարման խնդիրը լուծվել է:
«Երեւան Ջու» ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ շուրջ հինգ տարի, ըստ էության` կառուցման պահից, այդ շենքերի ջրամատակարարումը անբավարար էր: Նշված բարձրահարկերը շահագործման էին հանձնվել առանց տարածքում առկա ջրի խնդիրները հաշվի առնելու: Հետագայում կառուցված բակային պոմպակայանը չէր ապահովում կայուն ջրամատակարարում: Դրանից առանձնապես տուժում էին վերին հարկերի բնակիչները: Այստեղից էլ սպառողների շարունակական բողոքները:
Խնդրի արմատական լուծման նպատակով «Երեւան Ջուր» ՓԲԸ վերջերս վերակառուցեց նշված շենքերը սպասարկող պոմպակայանը, տեղադրելով նոր` հուսալի, ոչ էներգատար եւ ավտոմատ ռեժիմով գործող սարքավորումներ, որոնք թաղամասի բաշխիչ ցանցին միացնելու համար եւ մարտի 17-ին ժամը 11.00-ից մինչեւ մարտի 18-ը ժամը 11.00-ն հայտարարվել էր այդ բնակելիների ջրամատակարարման դադարեցման մասին:
Սակայն, ինչպես հավաստիացրեց ընկերության «Արեւմուտք» շահագործման տնօրինության «Շահումյան» տեղամասի գլխավոր ճարտարագետ Արսեն Սիմոնյանը, ընկերության աշխատակիցների մասնագիտական բարձր կարողությունների շնորհիվ հնարավոր դարձավ ժամանակացույցից առաջ անցնել: Պոմպակայանը կգործի արդեն մարտի 17-ի երեկոյան, բնակիչներին մատակարարելով Արզականի քաղցրահամ ջուրը:




























