Հայ ազգային կոնգրեսի անդամ, գործարար Խաչատուր Սուքիասյանին, ով իր թեկնածությունն է առաջադրել թիվ 10 ընտրատարածքում, գրանցել-չգրացելու լիազորությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովինը չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը` հավելելով, որ այդ հարցը որոշում է թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: «Ես հանգամանքներին ծանոթ չեմ, որպեսզի մեկնաբանություն տամ: Ասում են, որ ինքն այսօր դիմում է ներկայացրել ԿԸՀ»,- ասաց քարտուղարը, հավելելով, որ «ԿԸՀ-ն այսօր եւ վաղը եւս աշխատում է եւ կարող է ընդունել հայտեր, եթե լինեն համամասնական ցուցակ ներկայացնողներ, իսկ ընդհանրապես աշխատանքն սկսվում է երկուշաբթի»: Նրա խոսքով` եթե Խաչատուր Սուքիասյանը դիմում է ներկայացրել ԿԸՀ, ապա երկուշաբթի օրն այն կմուտքագրվի ԿԸՀ, համապատասխան կարգով ընթացք կտրվի, կծանոթանան անդամները, եւ իրենց մեկնաբանությունը կտան:
Իսկ թիվ 10 ԸԸՀ նախագահ Սամվել Յազրյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ Սուքիասյանին պատգամավորության թեկնածու գրանցել-չգրանցելու հարցը վերջնականապես պարզ կդառնա մարտի 22-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, երբ հանձնաժողովներն անցնեն թեկնածուների գրանցման գործընթացին: Ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրելիս, ըստ Յազրյանի, իրենք հիմք են ընդունելու Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության ներկայացրած վերջին տեղեկանքը, ըստ որի վերջին 5 տարում Սուքիասյանը մշտապես չի բնակվել Հայաստանում: «Հանձնաժողովը իրավասություն չունի ոստիկանության տեղեկանքը քննարկել: Ոստիկանությունը պետական մարմին է, ես էլ եմ պետական մարմին», - հավելել է Յազրյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հայտնի գործարար, Հայ ազգային կոնգրեսի անդամ Խաչատուր Սուքիասյանը դիմում է հղելԿենտրոնական ընտրական հանձնաժողովին, թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, որում պահանջում է իրեն գրանցել պատգամավորի թեկնածու, քանի որ ինքը վերջին 5 տարում առավելապես բնակվել է Հայաստանում: Մեջբերված են նաեւ օրենքի դրույթները:




























