Ադամանդագործության ոլորտում անկում այս տարի չի սպասվում։ Այս մասին դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը՝ ավելացնելով, որ ոլորտի վերաբերյալ ցուցանիշները կճշտվեն տարեվերջին։ Ըստ նախարարի՝ Հայաստանում ադամանդագործության զարգացման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ է բարեփոխումներ տնտեսության այս ճյուղի կառավարման, հումքի աղբյուրների դիվերսիֆիկացման ուղղությամբ, եւ ադամանդագործական գործարաններում նոր տեխնոլոգիաների ներդրմամբ։

Երիցյանի խոսքով՝ մոտ 15 տարիների ընթացքում Հայաստանում ստեղծված ադամանդների 2-3 տոկոսն է օգտագործվել տեղական ոսկերչության մեջ, եւ դարձել վերջնական արտադրանք, իսկ մնացած մասը հանրապետությունից դուրս է եկել որպես հումք։ «Ոսկերչությունը եւ ժամագործությունն այն ոլորտներն են, որոնք ադամանդներ են օգտագործում իրենց արտադրանքում, պետք է այդ ճյուղերը զարգացվեն, որպեսզի հնարավոր լինի ավելի շատ ավելացված արժեքի հարկ գանձել»,- նշեց նախարարը՝ նկատելով, որ հայկական ոսկերչական արվեստը բազմադարյա ավանդույթներ ունի եւ հնարավոր է, որ միջազգային շուկայում կարողանա զգալի տեղ գրավել։ «Լորի» ադամանդագործական ընկերության համասեփականատեր Շահե Ասլանյանը լրագրողներին տեղեկարեց, որ հայկական արտադրության ադամանդները միջազգային շուկայում գնահատման սանդղակի ամենաբարձր «երեք գերազանց» գնահատականով են, ինչի արդյունքում ադամանդներն արագ են իրացվում։

Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 1-ին «Լորի» գործարան էր այցելել նախագահ Սերժ Սարգսյանը՝ ծանոթանալու Հայաստանի ամենախոշոր ադամանդագործական ընկերության խնդիրներին, ինչպես նաեւ քննարկելու ադամանդագործության եւ ոսկերչության զարգացման հնարավորությունները։ Նախագահին ուղեկցում էին էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, «Լորի» ընկերության համասեփականատերեր Շահե Ասլանյանն ու Վարդգես Կնաջյանը։