Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակը հարուցել է շատ հանրապետականների դժգոհությունը: Համեմայնդեպս, Ազգային Ժողովում պատգամավորների հետ մասնավոր զրույցներից նման տպավորություն կարելի էր ստանալ, թեպետ դժգոհ պատգամավորները հրաժարվում էին հրապարակավ մեկնաբանել ընտրացուցակը:

ՀՀԿ համամասնական ընտրացուցակի ստորին հորիզոնականներում են հայտնվել բազմաթիվ ակտիվ պատգամավորներ: Առաջին հարյուրյակում չկան ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի, Հովհաննես Սահակյանի, Վազգեն Կարախանյանի, Մկրտիչ Մինասյանի, Արտակ Զաքարյանի, Լեռնիկ Ալեքսանյանի եւ այլոց անունները: Վազգեն Կարախանյանն, օրինակ, նշեց, թե տեղափոխվում է այլ աշխատանքի, հավանաբար արտերկրում:

«Խորհուրդը քվեարկել է միաձայն եւ բոլորը կողմ են եղել: Ես քվեարկել եմ կողմ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դժգոհությունները հերքեց ՀՀԿ խմբակցության քարտուղար  Գագիկ Մելիքյանը: Նա համոզված է, որ կհայտնվի խորհրդարանում, թեեւ իր անունը ընդգրկված է ՀՀԿ համամասնական ընտրացուցակի երկրորդ հարյուրյակում: «Կարծում եմ` լավ աշխատանքի դեպքում մեր ցուցանիշները կտան այդ հնարավորությունը»,- նշեց Մելիքյանը:

Դիտարկմանը, թե հին հանրապետականներից շատերը ցուցակի ստորին հորիզոնականներում են, իսկ նրանց փոխարեն անցողիկ համարներում մի ամբողջ շարք երիտասարդներ են, Գագիկ Մելիքյանը նշեց, թե «հանրապետականների շրջանում հին եւ նոր հանրապետականների վիճաբանություն գոյություն չունի»: Նա նաեւ դրական համարեց երիտասարդների ներգրավումը ընտրացուցակում`դա սերնդափոխության օրինակ որակելով: «Սերնդափոխություն եւ նախապատրաստում ակտիվ աշխատանքի»,- նշեց Մելիքյանը: