Երեւանի փողոցներում տարեցտարի ավելի շատ կարելի է տեսնել դաջվածք ունեցող երիտասարդների: NEWS.am-ը փոքրիկ մոնիթորինգ է անցկացրել դաջվածքի ծառայություններ առաջարկող սրահների շրջանում, որոնց աշխատակիցները շեշտում են, որ այժմ հայերը ավելի ժամանակակից են դարձել եւ դաջվածք անելու ցանկություն ունեցողները շատ են:
Այսպես, Հայաստանում, մասնավորապես Երեւանում, դաջվածք անելու ցանկություն հայտնում են ե’ւ երիտասարդ աղջիկները ե’ւ տղաները, թեեւ տղաների թիվն ավելին է: Եթե տղաները հիմնականում ցանկանում են դաջվածք ունենալ թեւին, ուսին, մեջքին, ապա աղջիկները` կրծքին, հետույքի վերին մասին, ոտքին, նաեւ` ուսին, թեւին: Մեկ օրինաչափություն եւս. եթե արական սեռի ներկայացուցիչները ցանկանում են մարմնի վրա ունենալ կենդանիների, խաչի, սրերի պատկերներ, ապա իգական սեռի ներկայացուցիչները` թիթեռ, ծաղիկ եւ այլն: Իսկ խենթ սիրահարները դիմում են դաջվածքների կենտրոններ` սիրելիի անունը կամ անվան առաջին տառը «անմահացնելու» համար:
Դաջվածք անելու տեւողությունը սկսվում է 15 րոպեից եւ կարող է տեւել մինչեւ մեկ ժամ: Մասնագետները նշում են, որ դաջվածք անելը ցավոտ պրոցես է, սակայն հնարավոր է դիմանալ: Դաջվածքների տեսակներից մեզ մոտ, մասնագետների խոսքով, նախապատվությունը տալիս են մշտական դաջվածքին, որը նրանց ուղեկցում է նույնիսկ երկնային կյանքում. իսկ ամռանը անում են ժամանակավոր դաջվածքներ, որոնք պահպանվում են 1-2 շաբաթ: Երեւանյան սրահների դաջվածքի մասնագետներն անցել են համապատասխան դասընթացներ, կան նաեւ այնպիսիք, որոնք ունեն բժշկական կրթություն:
Դաջվածք անելիս առողջական խնդիրներից կարելի է խուսափել այն դեպքում, եթե մասնագետը մաքուր է աշխատում, օգտագործում է մեկանգամյա ասեղներ, ախտահանում է սարքավորումները եւ այլն: Դրանից բացի` դաջվածքները կարող են ալերգիաների, զանազան ինֆեկցիաների պատճառ դառնալ: Դաջվածքները արգելվում են այն մարդկանց, ովքեր ունեն երակների լայնացում, շաքարային դիաբետ, հեմոֆիլիա (երբ արյունը մակարդելիություն չունի), սիրտ-անոթային բարձր ճնշում, ալերգիաներ, մաշկային հիվանդություններ, էպիլեպսիա եւ այլն: Դաջվածք անելուց հետո էլ հետագա բարդություններից խուսափելու համար անձը պետք է խնամի այդ հատվածը, ուշադիր լինի, որ վերքը չբորբորքվի:
Դաջվածք անելն ավելի էժան է, քան մշտական դաջվածքը մաքրելը
«Էնջլ» գեղեցկության սրահի դաջվածքների մասնագետ, կոսմետոլոգ Լիլիթը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց, որ իրենց այցելուների մեծամասնությունը 20-35 տարեկան տղաներն են, որոնք նախընտրում են ուսերի հատվածում «ունենալ» զանազան նախշեր, առյուծներ եւ այլն, իսկ աղջիկները դաջվածք անում են հիմնականում կույր աղիքի հատվածում` վիրահատության անցանկալի հետքերը փակելու համար: Նա հիմնականում աշխատում է ամերիկայից բերված ներկերով, որոնք ալերգիա առաջացնելու հատկություն չունեն: Այստեղ ծխախոտի տուփի չափի մշտական դաջվածքն արժե 30 հազար դրամ, որը 4 տարի հետո կարող ես թարմացնել:
Կարծիք կա, որ դաջվածք անելն ավելի էժան է, քան մշտական դաջվածքը մաքրելը: Լիլիթը եւս սա հաստատեց` նշելով, որ այն մաքրում են լազերային եղանակով` 8-10 պրոցեդուրաներով, բայց արդյունքում մինչեւ վերջ չի էլ անցնում, պարզապես գույնն է բացանում: «Կան մարդիկ, ովքեր սիրելիի անունն են դաջում, կամ իրենց անունը: Դրանով իրենց ավելի լավ են զգում, ինքնավստահ, տարբերվում են շրջապատից»,- ասաց Լիլիթը:
Դաջվածքները հիմնականում մաքրում են բժշկական կենտրոնում: Օրինակ` «Հելիոս» բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ իրենց մոտ դաջվածքների մաքրման գինը կախված է դաջվածքի չափից եւ խտությունից, մինիմալ գինը 10 հազար դրամ է: Իսկ «Բոդի արտում» դաջվածքի մասնագետ, ամերիկահայ Ծովինարը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ 18-ից ցածր տարիք ունեցողներին դաջվածք չեն անում, իսկ ամենատարեց հաճախորդները 60-70 տարեկան են: Այստեղ մշտական դաջվածքի գինը սկսվում է 10 հազար դրամից եւ բարձրանում` կախված նկարի չափսերից եւ բադությունից, իսկ ժամանակավոր դաջվածքն արժե 2000-3000 դրամ: «Էմինենս» գեղեցկության կենտրոնի դաջվածքի մասնագետ Կառան էլ նշեց, որ իրենց մշտական հաճախորդները 18-40 տարեկան երիտասարդներն են. «Շատ ուսանողներ են գալիս, ծնողներից թաքուն գալիս անում են, հետո տանում սյուրպրիզ են անում, ասում են` հեսա գնամ պապային, մամային սյուրպրիզ անեմ»,- ասաց նա` հիշելով ամենատարեց հաճախորդին` 40-ամյա երաժշտասեր մի տղամարդու, ում վրա նոտաներ էր դաջել: Այստեղ գինը կախված է պատկերի բարդությունից, այն սկսվում է 10 հազար դրամից: Կառան բժշկական կրթություն ունենալուց բացի, նաեւ Ամերիկայում հատուկ դասընթացների է մասնակցել: «Յուրովի բան են ուզում, գալիս հարցնում են` սրանից քանի՞ հատ ես արել, այնպես եմ ուզում, որ ոչ մեկը չունենա»,- ասաց նա` պատմելով, թե ինչպես մի անգամ մի երիտասարդ, ում նախկինում սիրելի աղջկա անվան տառերով դաջվածք էր արել, հետո բերել էր նույն աղջկա դիմանկարը` կրծքավանդակին դաջելու համար եւ ասում էր, որ «նրա համար դա էլ է քիչ»: Մասնագետը պատմեց, թե ինչպես վերջերս մի տղայի դաջվածք անելիս երիտասարդն ուշագնաց եղավ, բայց ամենեւին էլ ցավից չէր, այլ վախից:
Նշենք, որ դաջվածք անելը տարածված է աշխարհի տարբեր երկրների մշակույթներում: 1990-ական թվականներին այն դարձել է համաշխարհային եւ արեւմտյան նորաձեւության հիմնական բաղադրիչը: Ամերիկայի մաշկաբանության ակադեմիան առանձնացնում է դաջվածքների 5 տիպ. վնասվածքային, սիրողական, մասնագիտական, կոսմետիկ, որոնք կոչվում են նաեւ «մշտականշպարային» եւ բժշկական:
Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը անդրադարձել էր շրթունքների եւ հոնքերի տատուաժին:
Պատրաստեց` Միլենա Ներսիսյանը




























