Թերթը զրուցել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից.
Անցած տարի տեղի ունեցան մի շարք ավազակային հարձակումներ գործող կամ նախկին պաշտոնյաների առանձնատների վրա: Դրանք Ձեր կողմից որակվեցին որպես «բանդիտիզմ»: Հետո տեղի ունեցան հայտնի աղմկահարույց ձերբակալությունները, սակայն այդ գործերը կարծես մոռացության մատնվեցին: Հատկապես պարզ չդարձավ` արդյո՞ք դրանց հետեւում կային կազմակերպիչներ: Կարծիք կա, որ այդ խմբավորումներ կարող են ներգրավված լինել իրավապահ մարմինների նախկին աշխատակիցներ: Ի՞նչ փուլում են այս գործերը եւ ինչո՞ւ դեռևս ամբողջությամբ չեն բացահայտվել:
Իմ հանձնարարությամբ ուսումնասիրվեցին մայրաքաղաքի տարբեր համայնքներում կատարված զինված հարձակումները, որոնց ձեռագիրն ուներ ընդհանրություններ եւ պարունակում էր բանդիտիզմի հատկանիշներ: Հանձնարարեցի դրանք միավորել մեկ վարույթում, ինչն արդարացվեց: Օպերատիվ-որոնողական, քննչական մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում վնասազերծվեց զինված մի բանդա, որը նախատեսում էր այդ օրն իրականացնել իր հերթական ավազակային հարձակումը: Այս պահի տվյալներով` բանդայի 6 անդամ գտնվում է նախնական կալանքի տակ: Դեռեւս նախաքննություն է ընթանում` պարզելու մի շարք հանգամանքներ, եւ կարծում եմ` դեռ շատ վաղ է քննությամբ ձեռք բերված ապացույցները հրապարակայնացնելու համար: Դրա ժամանակն էլ կգա: Հավատացեք` կան բավարար ապացույցներ, որ հենց այս խմբի անդամների ակտիվ մասնակցությամբ է կատարվել 4 ավազակային հարձակում: Որեւէ հանցագործություն մոռացության չի կարող մատնվել: Կարծում եմ` դա թույլ չեն տա նաեւ զանգվածային լրատվության միջոցները: Մեր խնդիրն է` բացահայտել բոլոր մանրամասները, եւ նախաքննության ավարտի մասին բնականաբար կտեղեկացվեք: Մեղադրյալների ինքնության վերաբերյալ տեղեկություններ ժամանակին հրապարակվել են, եւ նրանց թվում իրավապահ մարմինների ներկայացուցիչներ չկան: Իսկ եթե լիներ, առաջինն ինքներս այդ մասին կխոսեինք: Կարծում եմ, նախկինում արդեն համոզվել եք, որ հենց ինքներս ենք առաջինն արձագանքում իրավապահ մարմինների որեւէ աշխատակցի կողմից դիրքը չարաշահելու, հանցագործություն կատարելու կամ էթիկայի կանոններ խախտելու դեպքերին:
Առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ շրջանառվում է նաեւ Ձեր անունը: Համաձայն որոշ խոսակցությունների` բացի այն, որ Ձեր եղբայրը` Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Հովսեփյանը, պատրաստվում է մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրել, ասում են, որ Դուք`որպես ազդեցիկ պաշտոնյա, աջակցելու եք մի քանի մեծամասնական թեկնածուների եւս: Որքանո՞վ են այս լուրերը համապատասխանում իրականությանը:
Ես` որպես ՀՀ գլխավոր դատախազ, հետամուտ եմ լինելու, որ օրենքով սահմանված կարգով գրանցվեն եւ քննության առարկա դառնան ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները, ահազանգերը, քրեորեն հետապնդելի արարք թույլ տրված անձինք ենթարկվեն պատասխանատվության: Իսկ որպես քաղաքացի` բնականաբար, օգտվելու եմ սահմանադրական իմ իրավունքից եւ մասնակցելու եմ ընտրություններին, ինչպես բոլոր ՀՀ քաղաքացիները: Ինչ վերաբերում է եղբորս, ում հարցը շահարկվում է, ապա պետք է հիշեցնեմ, որ նա ժամանակին վարչական այդ տարածքի թաղապետ է ընտրվել ընտրողների ամենաշատ վստահության քվեն ստանալով: Եվ նրան աջակցելու են հենց իր ընտրողները:




























