Մեր կյանքում փոփոխությունները պետք է լինեն այսօր եւ ոչ թե` վաղը, արագ եւ ոչ թե` դանդաղ, տեսանելի գործով, այլ ոչ թե` գեղեցիկ ելույթներով: Այս մասին այսօր` մարտի 20-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Նրա խոսքով` եթե ամեն ինչ շարունակվի ու մնա նույնը, ապա արտագաղթը ստանալու է ավելի ահագնացող տեմպեր: «Աղքատները դառնալու են մեր երկրի հիմնական բնակիչները, իսկ աղքատությունը` մարդու եւ ընտանիքների մշտական ուղեկիցը: Որակյալ ու հանրամատչելի կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանվածության ու արդարության, օրինականության ու իրավունքի գերակայության մասին պետք է մեկընդմիշտ մոռանանք»,- նշեց նա:
Պատգամավորի խոսքով` հանուն Հայաստանի Հանրապետության ու նրա քաղաքացու պետք է սարեր շարժենք ու միասին, ինչպես որ Րաֆֆի Հովհաննիսյանը բանաձեւեց աստվածաշնչյան իմաստությունը «Ժառանգություն» կուսակցության վերջին համագումարում: «Մայիսի 6-ը մեր երկրի ու մեր կյանքում համակարգային փոփոխությունները բերելու կամ դրանք մերժելու օրն է: «Ժառանգությունը» վստահ է, վճռական ու համոզված, որ ազգովի ու մեր համաքաղաքացիների հետ միասին բացելու ենք փոփոխությունների ու փրկության դուռը: Բացելու ենք քաղաքացու, Հայաստան երկրի ու պետության ապագայի համար: Եւ մենք միասին սարեր ենք շարժելու«,- նշեց նա:




























