Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 2-ին, ժամը 3.40-ի սահմաններում խոշոր պատահար է գրանցվել Իրկուտսկի մարզի Տուոլուն քաղաքում: «Նյուրա» երկաթգծային կայարանում տեղի է ունեցել նավթ տեղափոխող բեռնատար գնացքի եւ բենզատարի բախում: Բախման հետեւանքով, ինչպես հաղորդում է «Վեստին», վկայակոչելով ԱԻՆ հաղորդագրությունը, բենզատարն ու երկու վագոն այրվել են, սակայն վագոնները գծերից դուրս չեն եկել, չի վնասվել նաեւ ճանապարհը: Նախնական տվյալներով, չկան նաեւ զոհեր եւ վիրավորներ:

Պատահարի պատճառները հայտնաբերելու համար դեպքի վայրում աշխատում են տրանսպորտային դատախազության, նաեւ տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները: Համաձայն նախնական վարկածի, բախումը տեղի է ունեցել ավտոբենզատարի՝ արգելող ազդանշանից հետո երկաթգիծն անցնելու փորձի ժամանակ:

Այս պահին Տրանսսիբիրյան մայրուղում դադարեցված է գնացքների երթեւեկությունը: