Մի շարք նախարարություններ` բնապահպանության,  էներգետիկայի եւ բնական պաշարների, արտակարգ իրավիճակների միջոցներ չեն ձեռնարկվել հարստացուցիչ ձեռնարկությունների պոչամբարներում կուտակված թափոնների վտանգավորության դասը որոշելու համար: Այդ մասին նշված է ՀՀ Վերահսկիչ պալատի հրապարակման մեջ («Հայաստանում վտանգավոր թափոնների օգտագործման (վերամշակում, վնասազերծում, պահպանում, փոխադրում եւ տեղադրում) նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ»):

Վերահսկողությունն ընդգրկում է 2009 թ. հունվար- 2011 թ. դեկտեմբեր ժամանակահատվածը:

Հրապարակման մեջ նշված է, որ ՀՀ տարածքում առկա են հարստացուցիչ ձեռնարկությունների թվով 19 պոչամբարներ, որոնցից 10-ը կոնսերվացված են: Հարստացուցիչ ձեռնարկությունների կողմից ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացվող թափոնների մասին տարեկան հաշվետվություններում թափոնները ներկայացվել են կամ որպես ոչ վտանգավոր, կամ ընդհանրապես պոչամբարների պարունակությունը որպես թափոն չի դիտարկվել: Արդյունքում որեւէ բնապահպանական վճար չի վճարվել: