Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չորոշի ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանին հեռացնել կուսակցությունից, նա կշարունակի մնալ ԲՀԿ շարքերում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Վարդան Բոստանջյանն` արձագանքելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ որոշի հեռանալ կուսակցությունից, քանի որ իրեն չեն ընդգրկել ԲՀԿ համամասնական ցուցակում եւ նա չի լինելու գալիք խորհրդարանում:

«Բայց ինչու հեռանամ կուսակցությունից: Եթե հեռանամ, կնշանակի, որ ես պարզապես նեղացել եմ, բայց նման բան չի եղել: Չեմ հեռանա, եթե հանկարծակի կուսակցությունը չորոշի ինձ հեռացնել կուսակցությունից»,-ասաց նա:

Վարդան Բոստանջյանը խոստովանեց, որ իր համար ԲՀԿ-ի որոշումը ինչ-որ առումով նաեւ անակնկալ էր, բայց միեւնույն ժամանակ հակված չէ տխուր նայել  այդ երեւույթին, հասկանալով, որ իրենց առաջնորդը չհիմնավորված գործեր չի անում:

Հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն հիմնավորումները, թե իրեն ԲՀԿ ցուցակում չընդգրկելը կապված է այն հանգամանքի հետ, որ ասուլիսներից մեկում ինքը հայտարարել էր, որ ԲՀԿ-ն հիմքեր չունի 2013թ-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը չպաշտպանելու համար, Բոստանջյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում թույլ տալ ինձ ասել: Միգուցե, բայց բոլորս էլ ամեն բան կարող ենք մտածել»:

Նա տեղեկացրեց, որ ոչ մինչեւ ցուցակում չհայտնելու որոշումը, ոչ դրանից հետո Գագիկ Ծառուկյանի հետ չի հանդիպել եւ չի խոսել: Հարցին, թե կուսակցության ներսում ինչպե՞ս արձագանքեցին այդ որոշմանը, նա արձագանքեց. «Բոլորի մոտ հանկարծակիության էլեմենտ կա, շատ կամ քիչ արտահայտված, բայց բոլոր դեպքերում, ոչ մի առումով սա ողբերգություն չեմ համարում»: Միաժամանակ նա հավաստիացրեց, որ վիրավորված չէ, նշելով. «Ինչո՞ւ պետք է վիրավորվեմ: Ես նման ցածր մակարդակ չունեմ, որ վիրավորվեմ:

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է անդամակցի ՀՀԿ-ին, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Իմ անցած ճանապարհը ցույց է տալիս, որ ես ճամբարից ճամբար չեմ տեղափոխվում»:

Քաղաքականությունը թողնելուց հետո Վարդան Բոստանջյանը պատրաստվում է զբաղվել պրոֆեսորադասախոսական աշխատանքով: «Ես այս պահին պատգամավոր լինելուն զուգահեռ 4 բուհերում պրոֆեսոր եմ: Ուզում եմ ասել, ինչ-ինչ, գոնե բազմաթիվ տեղեր ունեմ գտնելու»: